Հյուսիսային երկրներում մասշտաբային ավերածություններ են կանխագուշակել

Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գիտնականների խումբը եկել է եզրակացության, որ գլոբալ տաքացումների և հավերժական սառածության հալվելու պատճառով հյուսիսային բևեռային շրջաններում հաջորդ 30 տարվա ընթացքում կարող է քայքայվել ենթակառուցվածքների մոտ 70 տոկոսը։

Այդ մասին հայտնում է «Phys.org» կայքը։

Հետազոտողների գնահատականների համաձայն, մինչև 2050 թվականը այդ շրջանների բնակչության մոտ երեք քառորդը (մոտ 3,6 մլն մարդ) կտուժի շենքերի և ենթակառուցվածքների վնասվածքներից։ Օրինակ, Ալյասկայում վտանգված կլինի Անդրալյասկյան նավթային խողովակաշարը, որի 547 կմ-ը անցնում է խոցելի տարածքներով։ Ընդ որում, արկտիկական ենթակառուցվածքները վտանգված կլինեն նույնիսկ Փարիզյան համաձայնագրով առաջադրված խնդիրների լուծման պարագայում։

Ըստ 2015թ․ Փարիզյան համաձայնագրի, կլիմայի աղետային փոփոխության սցենարը կանխելու համար գլոբալ միջին ջերմաստիճանի աճը պետք է սահմանափակվի 1,5 աստիճանով։ 2018թ․ սեպտեմբերին հայտնում էին, որ Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի գիտնականների միջազգային խումբը եկել է եզրակացության, որ ջերմոցային գազերի արտանետումների ծավալներն անխուսափելիորեն անցնելու են թույլատրելի սահմանները։