Կարող եմ վստահորեն կանխատեսել տեսանելի ապագայում Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի զգալի սրացում

Մի պահ վերադառնանք մեր դարդերին։

Այսինքն փորձենք հասկանալ, թե էս ինչ մի  «խաղերի» մեջ են թուքերը և ադրբեջանցիները ռուսների և պայմանական Արևմուտքի հետ։

Տեսեք… ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում թուրքերն ու ադրբեջանցիները գործում են վաղուց հաստատված «մեկ ժողովուրդ, երկու պետություն» հայեցակարգին համապատասխան, և դերերը բաշխված են շատ հստակ և ճշգրիտ։

Շատ հատկանշական է թուրք-ադրբեջանական տանդեմի արձագանքը, որը ձևավորվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական  առճակատման ամբողջ գծի երկայնքով։

Ահա թե ինչ է տեղի ունենում իրականում։

Այսպիսով, Թուրքիան արձագանքում և առաջ է մղում արևմտյան պարադիգմը։

Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը արևմտյան տնտեսության մեջ՝ թուրքական տնտեսության առավելագույնս ներկառուցվածությամբ՝ թուրքերը շատ կտրուկ արձագանքեցին Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը, խստորեն դատապարտեցին Ռուսաստանի գործողությունները ուկրաինական ուղղությամբ և ամեն կերպ ցուցադրում են իրենց անհամաձայնությունը Պուտինի քաղաքականության հետ։

Ադրբեջանն իր հերթին ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելուց բառացիորեն հաջորդ օրը ստորագրում է ռուսների հետ իբր դաշինքի հռչակագիր, իրեն շատ զուսպ է պահում Ռուսաստանի գործողությունները քննադատելու առումով, մի խոսքով թուրքերից հակառակ մոտեցում է ցուցաբերում ստեղծված իրավիճակի շուրջ։

Իհարկե, և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիներն ունեն առանձին շփումներ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, սակայն այս դեպքում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը փաստացի «ծածկել» է ողջ միջազգային քաղաքական դաշտը՝ շահավետ դիրքավորվելով այս իրավիճակում։

Հասկանալի է, որ թուրքերի և ադրբեջանցիների գործողությունները խստորեն համաձայնեցված են միմյանց միջև և ունեն միայն մեկ նպատակ՝ ապահովել իրենց քաղաքական և միջազգային աջակցությունը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում (պայմանական Արևմուտք և պայմանական Արևելք)՝ մեր տարածաշրջանում անխուսափելի փոփոխություններին ընդառաջ, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվելով իրավիճակից, ԱՆՊԱՅՄԱՆ կիրագործի հայկական պետականությունը կազմաքանդելու իր ծրագրերը և գոնե առաջին փուլում կտրուկ կսրի իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ։

Իրավիճակը սրվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկել թյուրքական տանդեմի հակահայկական ծրագրերը չեզոքացնելու համար, այլև ամեն կերպ խաղակցում են տարածաշրջանում թուրքերի և ադրբեջանցիների գործողություններին ու մտադրություններին։

Իրավիճակը հիմար է թվում, քանզի պատկերավոր ասած՝ ոնց որ Հայաստանը կամավոր փորձում է դատարկ ձեռքերով բռնվել  թուրքական յաթաղանից։

Ամփոփելով վերը նշվածը, կարող եմ վստահորեն կանխատեսել տեսանելի ապագայում Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի զգալի սրացում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից