Այլևս խոսք չի կարող լինել քրգործի քննության օբյեկտիվության մասին. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «Դավիթ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:

Դ. Տոնոյանի փաստաբանական խումբը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝

  1. թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը և տալ բացատրություններ, որի իրավունքը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով,
  2. նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ,
  3. Փորձագետին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:

Ընդ որում՝ միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են սույն քրեական գործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին: Փորձագետին քննիչը առաջադրել է հարցեր, որոնց պատասխաններն ինքը վաղուց ունի, իսկ պաշտպանության կողմի կարևորագույն և օբյեկտիվ քննություն ապահովող հարցերն առանց հիմնավորման մերժվել են:

Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, գործի համար կարևոր նշանակություն ունեցող  հանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների և ենթադրությունների հիման վրա:

Ինչպես 19.10.2021 թվականին տարածած մեր հայտարարությամբ նշել էինք, Դ. Տոնոյանը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Դ. Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Ընդ որում, փորձաքննությանը պաշտպանների մասնակցության հարցին  առհասարակ անդրադարձ չի էլ եղել:

Բացի այդ, ի սկզբանե նախաքննական մարմինը, նշանակելով համապատասխան փորձաքննությունը, նշել էր, որ միայն փորձաքննությամբ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը, սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:

Այս փաստերը՝ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, նշանակված փորձաքննությանը ներկա գտնվելու և բացատրություններ տալու իրավունքից զրկելը, փորձաքննության կատարումը ոչ օբյեկտիվ անձի հանձնարարելը և փորձաքննությանը կարևորագույն հարցեր չառաջադրելը պաշտպանության կողմին հիմք են տալիս պնդելու, որ այլևս խոսք չի կարող գնալ սույն քրեական գործի քննության օբյեկտիվության մասին, ավելին, քննության կարևորագույն նպատակն է Դ. Տոնոյանին, ինչպես նաև գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց  մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:

Ավելացնենք նաև, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև մեր կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին, և ակնկալում ենք, որ վերջինիս կողմից օբյեկտիվություն դրսևորելու դեպքում բողոքները  պետք է բավարարվեն»,- նշված է հայտարարության մեջ: