Բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների․ Սեյրան Օհանյան
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում այսպիսի բան նկատեցի՝ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց, նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց՝ մենք բանակ ունեցել ենք, այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը տարբեր գործողություններով՝ քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք, արագ-արագ կադրային փոփոխություններով, իջեցրել են բանակի մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ:
«Եթե բանակն է մեղավոր, ինչո՞ւ համար էին մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավարությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռեյլսերին: Հարցեր են, որոնց պետք է պատասխանի այսօրվա իշխանություններ»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների:
«Բանակը երբևիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա նաև ընդգծեց, որ 40 օր Արցախում է եղել, չի լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք:
«Իհարկե, իրենք ձախողել են բանակաշինությունը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի այսօրվա հրավիրած հանրահավաքին, նա նշեց, որ այսօրվա հանրահավաքի օրակարգը ռեալ է՝ մեկ տարի անց գնահատական տալ այն իրողություններին, որոնք կան Հայաստանում:
«Մենք պլանավորել էինք միջոցառումներ՝ անվանելով անկախությունից մինչև կապիտուլյացիա, այդ միջոցառումների շրջանակում նախատեսել էինք մեծ հանրահավաք:
Նաև լուրեր են տարածվել, որ նոյեմբերին 9-ին կարող է լինել հանդիպում կամ փաստաթղթի ստորագրում»,- ասաց նա:
Ս. Օհանյանը նշեց, որ պետությունն ունենալով ամբողջ գործիքակազմը, մեկ տարվա ընթացքում գնահատական չի տվել այս իրականությանը, ռազմավարական որևէ պլանավորում չի իրականացրել: