ՀՀ-ն դասական բռնապետություն է․ կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի պայքարին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի  ակցիա իրականացնող, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ոչ բռնության և ոչ էլ որևէ մեկին ծեծելու կոչեր չենք անում, մենք ասում ենք`Անկախության տոնը չի կարելի նշել կախյալ վիճակում։ Ոստիկանները կանանց բերման ենթարկելու փոխարեն թող գնան Գորիս-Կապան ճանապարհին պայքարեն։ Մենք ունենք ոստիկանություն, որ ծառայում է մեկ անձի»։

Պետրոսյանի խոսքով՝ գունագեղ միջոցառման նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհին ցույց տա, թե ինքը դեռ սիրված է ժողովրդի կողմից.

«Այստեղ կանգնած ոստիկանների իրական տեղը սահմանն է, սա՞ է իրավական պետությունը, սա բռնապետություն է։ ՀՀ Սահմանադրության մեջ հիմա պետք է գրել` ՀՀ-ն դասական բռնապետություն է»։

Պետրոսյանը կոչ արեց առաջնային մանդատ ունեցող ընդդիմադիր պատգամավորներին գալ փողոց։

«Իրենք մեկ արդարացումով վերցրեցին մանդատը, որ ոչ թե հետ քաշվեն ժողովրդի պայքարից, այլ, որ այդ պայքարը լրացնեն ԱԺ-ում։ Կոչ եմ անում հենց հիմա ընդդիմադիր պատգամավորներին գալ Շառլ Ազնավուրի հրապարակ և տեր կանգնել ժողովրդի պայքարին։ Օրենքներ ընդունելով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ և մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաև նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: