Արցախի դրոշը ադրբեջանցիների կողմից դանակով հեռացնելը ԱԺ նախագահը որակեց մանր գործողություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

«Տեսանյութը տեսել եմ, բայց կարծում եմ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Կարելի է ասել, որ նման մանր գործողությունների ձևով մի գուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելուն, նրանց հույզերի վրա ազդելուն, բայց նորից եմ ասում չի ստացվելու:

Նա նշեց, որ ոչ մի տեղեկություն չունի բանակցությունների ընթացքի մասին, բացի պաշտոնական հաղորդագրություններից:

Անդրադառնալով պարգևովճարների թեմային՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ դա իր որոշումն է:

«30-ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի բոլոր աշխատակիցներն իմ տեղեկություններով ստանալու են այդ վճարը և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան ՀՀ անկախության տոնի հետ կապված այդ վճարումները: Մեր ընդդիմադիր գործընկերները մի պահ հայտարարեցին, որ բյուջե են վերադարձնելու, հետո ինչ-որ ծախսերի մասին խոսեցին: Ես կարծում եմ, որ իրենք իրենց մեջ փնտրեն շատ-շատ գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին»,-ասաց ԱԺ խոսնակը:

Նա հավելեց, որ քննադատություներից չի վախենում, և ճիշտ որոշում է կայացրել: