Դատարանը մերժել է Մանախին կալանավորելու քննիչի միջնորդությունը

Սյունիքում մայիսի 14-ին բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, երեկ ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

«Դատարանն ընդունեց պաշտպանական կողմի փաստարկներն ու ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժեց»,-  ասաց Ա. Այվազյանի պաշտպան Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ուրախ է՝ այս պահին էլ դատարանը զերծ մնաց քաղաքականությունից, որովհետև, իր խորին համոզմամբ, Արթուր Այվազյանին կալանավորելու քաղաքական պատվեր կար:

«Ստացվում է՝ մարդիկ, որոնք գնում են սահմանը, գյուղերը պաշտպանելու և այս մասին կոչերով հանդես են գալիս, որ իրենց զենք տրամադրեն, իրենք համարվում են հանցագործներ: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամ ճանապարհներ էր փակում, կաթվածահար էր արել ողջ Հայաստանը, հանցագործություն չէր դիտվում: Երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ  2021թ. մայիսի 14-ին Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: