Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. նախագիծ
Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Կսահմանվեն դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, ինչպես նաև ստորաբաժանումների համալրման կարգը: Այդ մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Առաջարկվող փոփոխություններն ընդունելու դեպքում տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումը կիրականացնի բանակային կորպուսի հրամանատարը, ու դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,- ասաց նա:

