Բերքահավաքի տոն՝ Մանկության ակադեմիայում

Հոկտեմբերի 20-ին Մանկության ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն։ Նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։ Մանկության ակադեմիայի այգում ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։

Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ 2011թ. Արենի համալիրում պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսից առաջ 3-2-րդ հազարամյակներում։ Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո, առաջին բերքը տանում էին եկեղեցի և միայն օրհնելուց հետո էին աղում և թխում։ Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել։ Հայկական էպոսում Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այսպիսով ուժ ստանում կռվից առաջ։

Այգու ձևավորումը, ազգային երգ ու պարը, լարախաղացի ներկայությունը այնպիսի միջավայր ու տրամադրություն էին ստեղծել, որ անհնար էր ուղղակի կանգնել և չդառնալ տոնակատարության ակտիվ մասնակից։