Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ. Արցախի հերոս Ազգալդյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա՛ Հայաստան է և … վերջ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել»,- ասել է Լեոնիդ Ազգալդյանը։
1942թ. նոյեմբերի 22-ին, ծնվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը: Մի առիթով արտասահմանցի թղթակցի տված այն հարցին, թե «ի՞նչ գույն ունեք Դուք», հերոսն իր բնավորությանը հարիր հանգստությամբ պատասխանել է. «Ինչ գույն ունի Հայոց հողը, այդ գույնի եմ ես…»:
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է թիֆլիսաբնակ հայի ընտանիքում, որ հետագայում տեղափոխվել են հայրենիք և ապրել Երևանում։ Մայրաքաղաքում էլ Լեոնիդը հաճախել է Ասքանազ Մռավյանի անվան դպրոց ապա իր ուսումը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ապա իր ուսումն շարունակել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
«Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի, ուրեմն թուրքը: Հայը՝ ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»,- այսպես էր մտածում և այս սկզբունքով էր գործում Լեոնիդը, որ հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։
1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես` չհավատաք։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»,- սիրում էր կրկնել Ազգալդյանը, երբ թշնամին կեղծ լուրեր էր տարածում, թե Լեոնիդին սպանել են։
1992թ. հունիսի 21-ին՝ իր հավատարիմ զինակից Վլադիմիր Բալայանի զոհվելուց 12 օր անց, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակայքում թշնամու դավադիր կրակոցներից ընկնում է մեծանուն հայը:
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։
2019 թվականի օգոստոսի 31-ին Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։
Աղբյուրը՝ «Գոյամարտ»

