Երբ Փաշինյանը ստրատեգիական կետերը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ալիևը ՀՀ-ն սկսեց կոչել «Արևմտյան Ադրբեջան»

Ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերություններից մեկով շրջանառվող տեսանյութը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալմա-Աթայի» հռչակագրի մասին խոսույթը ամբողջությամբ խաբկանք է ու «բլեֆ»։ Այս մասին գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանը որևէ մտադրություն չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին՝ այն պահին, երբ Փաշինյանը Արցախն ու ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհների վրա առկա ստրատեգիական կետերը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ալիևն Հայաստանի Հանրապետությունը սկսեց կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

Հիմա ադրբեջանական ողջ քարոզչական դաշտն ու պետական համակարգը լծված են մեր պետության ու տարածքների հաշվին իրենց համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելով։ Հենց սրան է հանգեցրել Փաշինյանի ու նրա թիմի ապաշնորհ քաղաքականությունը, որն արժեզրկում է խաղաղությունն առհասարակ՝ ստեղծելով նոր ռիսկեր Հայաստանի համար», – նշում է փորձագետը։