Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը և բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ:

Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարևոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային  երկիր: Հայ-ավստրիական հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակով և բազմակողմ ձևաչափով, մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ հայ-ավստրիական հարաբերություններն առաջընթաց են գրանցում նաև Հայաստանում գործող Ավստրիական զարգացման գործակալության գործունեության արդյունքում: Ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների  միջխորհրդարանական կապերի սերտացումը տարբեր ձևաչափերով:

Շիրակ Թորոսյանը Նիկոլաուս Շերակին  ներկայացրել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ապաշրջափակման գործընթացը, ճանապարհների բացման և նորմալ հաղորդակցությամբ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է սահմանային կայունությունը, ինչում իր զգալի դերակատարությունն է ունեցել ԵՄ քաղաքացիական առաքելությունը: Նշվել է, որ առաքելության  գործունեության ընթացքում էապես կայունացել է սահմանային իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորներն անդրադարձել են  ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցին, Հայաստանում Ավստրիայի դեսպանություն ունենալու կարևորությանը, տարածաշրջանային խնդիրներին:

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը կարևորել է մեր երկրի հետ հարաբերությունների սերտացումը, անդրադարձել  ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի դժվարություններին, ընդգծել ժողովրդավարության կարևորությունը:

«Մեզ համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանում, և մեզ համար  լավագույն գործընկերը Հայաստանն է»,- մասնավորապես ասել է Նիկոլաուս Շերակը՝ անդրադառնալով տարածաշրջանային հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: