Սպասում եմ այն պահին, երբ կներկայացնեմ, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ մարդկանց նկատմամբ. Վահան Քերոբյան

Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ կազմում էի այն մարդկանց ցանկը, ում պիտի շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում իրենց հոգատարության համար, ստացվեց ավելի քան 400 հոգի։ Որոշ ժամանակ կտևի մինչև դա անեմ, ուստի խնդրում եմ համբերատար լինել այնպես, ինչպես մինչ այս պահը եղել եք։

Ինչպես որոշ բարեկամներ հասցրեցին կանխատեսել մինչև իմ մեկուսանալը, ես դուրս եմ գալիս այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած։ Կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, շուտով կավարտեմ։ Ընթերցեցի և վերընթերցեցի մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն։ Խորասուզվեցի նաև հոգեբանության մեջ, կարդացի որոշ գրքեր այդ ոլորտից, ուժեղացրի իմ այդ թևը ևս, ինչը համարում էի իմ համեմատաբար թույլ կողմերից մեկը։ Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը»։