ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, դա կարող են անել Լյուբյանկայից. ՔՊ-ական

«Տիկին Սարգսյան, կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարցրեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:

ՔՊ-ականի խոսքով՝ վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, թիրախավորում են ու հրապարակում լրագրողների նկարներ:

«Այն որ պատգամավորների լուսանկարներ են հրապարակում, դա դեռ թողնում եմ մի կողմ, բայց լրագրողները զարգացած հասարակություններում առհասարակ առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն, բայց հրապարակվում է լրագրողների անձնական տվյալները, որոնց դեմ տարվում է ատելության քարոզ: Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը և կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Այս խոսքերին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.  «Լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ ԱԱԾ գործակալ լինել, ՌԴ-ից միլիոններ ստանալ, որոնք հերքվում են, էդ էլ ավելացրեք»:

ՔՊ-ական պատգամավորը Գեղամ Մանուկյանին արձագանքեց․

«Ո՞վ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենկոն (Национальная оборона ամսագրի հիմնադիր, ադրբեջանամետ վերլուծաբան․- խմբ․) էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»:

Խոսակցությանը միացավ նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.

«ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, իսկ թե ում գործակալներն են՝ ապագայում կճշտվի»: