Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում

Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անունը,ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, քվեարկության օրը և ժամանակը, ընտրական տեղամասը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը։

Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ  իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։