«ԱՕԿՍ»-ի շենքը վարձակալության կտրվի մրցութային եղանակով. նվազագույն ամսական վճարը՝ 15 մլն 450 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիտում որոշեց Երեւանի  Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը եւ հարակից հողամասը տրամադրել վարձակալության՝ մրցութային եղանակով:

Շենքը վարձակալությամբ է տրվելու 10 տարի ժամկետով։ Գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15 մլն 450 հազար դրամ է լինելու։

Միաժամանակ հաշվի առնելով, որ նշված շենքի 49.8 քմ մակերեսով նկուղային տարածքը հանդիսանում է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեի հարակից տարածք և ՍՊԸ-ն դիմել է նշված նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով, նպատակահարմար է համարվել մրցութային եղանակով վարձակալության տրամադրել շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի տարածքը՝ ընդհանուր 651.6 քմ մակերեսով, իսկ նկուղային տարածքի ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման աշխատանքների ավարտից հետո քննարկել վերջինս վարձակալության տրամադրելու հարցը:

Նշենք, որ «ԱՕԿՍ»-ի շենքը ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հիշեցնենք, որ այս շենքի հետ կապված դատական գործում ներգրավված էր 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, որը, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.–ի (խմբ.-Իսրայելում և ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյան) կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Արդյունքում պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս:

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Դրա տնօրենն է հանդիսացել Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։

2023–ի սեպտեմբերի 9–ին ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։