Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի իրավունքը (տեսանյութ)

Մոսկվայից հեռանալու հստակ գիծ որդեգրած Նիկոլին աջակցող Եվրամիությունը հետաքրքրված չէ Երևանի խնդրահարույց փողոցներով

 

Բրյուսելն ու Վաշինգտոնը երջանիկ են Մոսկվայից շրջադարձ կատարած Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ և աջակցում են նրանց: Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կոչն ուղղված է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի վերաբերյալ զգուշացումը՝ բոլորիս:

Ամերիկյան հանրահայտ ABC հեռուստաալիքը երեկ իր կայքում անդրադարձել է  Հայաստանի վերաբերյալ ռուսական ԶԼՄ- ների որոշ հրապարակումների: ABC- ն, մասնավորապես, հղում կատարելով ռուսական NTV հեռուստաալիքին, «Ռուսական ՄԱՄՈՒԼ. ԵՄ- ն, որն աջակցում է Փաշինյանին, հետաքրքրված չէ Երևանի խնդրահարույց փողոցներով» վերտառության ներքո հակիրճ ներկայացրել է վերջինիս թողարկումներից մեկի  բովանդակությունը.

«Հայաստանը վերջերս Մոսկվայից հեռանալու հստակ գիծ է որդեգրել և հայտարարել ԵՄ- ին միանալու իր ցանկության մասին, ասվում է NTV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվել է, Բրյուսելն ակնհայտորեն աջակցում է Հայաստանի որդեգրած եվրոպական գծին։ Այս պահին Երևանի փողոցները ևս անհանգիստ են։ Սակայն ԵՄ-ին դա չի անհանգստացնում, ի տարբերություն Վրաստանի անկարգությունների։

«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բողոքի ցույցերի առաջնորդը, ցանկացած իրավիճակում իրեն պահում է ինչպես ռոք- աստղը։ Նա արդեն ունի ֆիրմային գույն. կապույտ ծխագլանակներ են բաց թողնվում նրա հանրահավաքների ժամանակ»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը երջանիկ են Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ և լուռ աջակցում են նրանց, քանի որ Փաշինյանը Մոսկվայից անհրաժեշտ շրջադարձ կատարեց…»:

««Նեզավիսիմայա գազետա»- ն գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Բաքվում Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 2024 թվականի. N. համաժողովի (COP29) շրջանակներում: Կողմերին դեռ անհրաժեշտ է պայմանավորվել մի քանի կետերի շուրջ։ Սակայն չի կարելի բացառել, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է։ Այնուհանդերձ, լրատվական գործակալության հետ հարցազրույցում փորձագետները մոտ ապագայում խաղաղության հեռանկարների վերաբերյալ զգուշավոր են եղել»:

ABC- ին երեկ իր կայքում ներկայացրել է նաև Հայաստանի իշխանություններին ուղղված Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կոչը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս կառավարություններին զսպվածություն ցուցաբերել և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը,- գրված է «Լեմկինի ինստիտուտը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել» վերտառության ներքո հրապարակման մեջ:- Այս մասին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քաղաքացիական անհնազանդության միջոցառումների ժամանակ ձերբակալությունների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ հայտարարության մեջ:

«Մինչ Հայաստանի կառավարությունը հաստատում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը ճանաչում է այն սայթաքուն ուղին և վտանգները, որոնք այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և դրան հաջորդած Արցախի ողջ բնակչության՝ 100 000- ից 120 000 հայերի բռնի տեղահանման լույսի ներքո»,- նշված է հայտարարության մեջ» (ընդգծումը՝ մերը):

Հավելենք, որ ցեղասպանության կանխարգելման հիշյալ ինստիտուտի հայտարարության մեջ նշված է նաև. «Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը»։

 

Արթուր Հովհաննիսյան