Պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթոդաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում․ ՄԻՊ-ը՝ Սրբազանի հետ հանդիպման մասին

«Մենք հանդիպման առաջարկ ի սկզբանե արել ենք, առաջարկը եղել է մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին հարցին։

Նա նշեց, որ երբեք չի խուսափում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպումից։

«Այս փուլում էլ պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթոդաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում։

ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի և այդ մեթոդաբանությունը կոնկրետ սկզբունքներով է գործում։ Իմ հանրային կապերի պատասխանտուն այնտեղ է եղել, ասել է, որ այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել, այսինքն հերթագրման հետ կապված խնդիր չենք ունեցել, պարզապես քաղաքացիների հետ երբևէ որևէ քննարկում կամ հաղորդակցության, որը վարում ենք, այլ քաղաքացիների ներկայությամբ չի լինում»,- ասաց ՄԻՊ-ը։

Պատասխանելով հարցին՝ պետական մարմիններից հրահա՞նգ եղել է Սրբազանի հետ չհանդիպելու, Ա. Մանասյանն ասաց. «Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։  Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել։ Պատրաստ ենք հանդիպում ունենալ»։

Հիշեցնենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գնացել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հանդիպելու ՄԻՊ հետ։

«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլոց»,-ասել էր Բագրատ Սրբազանը։

Հանդիպումը չկայացավ, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել էր Բագրատ Սրբազանի հետ հանդիպել առանց ԶԼՄ ներկայացուցիչների։