Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում 18.00-ին հանրահավաք ունենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց․

«Թող մարդիկ տեսնեն, թե մենք ինչ սարսափելի իրականության մեջ ենք ապրում, երբ այս մարդիկ են մեր կառավարիչները։ Սա է ամբողջ բովանդակությունը, բայց դրա մասին երեկոյան կխոսեմ»,-ասաց Սրբազանը։

Նա հավաքվածներին ներկայացրեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արման Սարգսյանին, որի ճակատին մնացել էր ոստիկանի կոշիկի հետքը։ Արմանն այսօր էլ քննությունից հետո միացել է բողոքի ակցիային։

«Հետքերը դեռ կան, հիվանդանոցում որ առաջին օրը տեսանք, շատ մեծ էին ու սարսափելի։ Ոտքով հարվածել են երեսին։ Հիմա այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն ասելիք ունի՞, թե չունի»,-ասաց Սրբազանը, ապա ներկայացրեց, թե ինչպես են Հրայր սարկավագի նկատմամբ ոստիկանները բռնություններ իրականացրել։

«Վաղը Վարդենիս ենք գնալու։ Սոթքում ժամը 18։00-ին հանրահավաք ունենք։ Սյունիք գնալու խնդիրը պետք է լուծենք, քանի որ ուրբաթ առավոտյան շատ կարևոր գործառույթ ունեմ, շատ անհրաժեշտ է»,-ասաց Սրբազանը՝ նշելով, որ նախատեսում են այց Տիգրանաշեն։