Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել հայտնի պատմական իրադարձությունը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը վերջին մի քանի ամիսներին բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանում պատմության կեղծման օրինակները։

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որը պատմության տարբեր դրվագների աղավաղման խտացում է։

Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը Ստալինից 2300 տարի առաջ հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։

Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու լի կեղծիքներով, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Անգամ հարկ չկա հակափաստարկելու, որ մ․թ․ա․ 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Դա բավարար չէ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ․թ․ա․ 612 թվական։

Ընդ որում, իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա Ատրոպատենեն մ․թ․ա․ 7-րդ դարով թվագրելու, առավել ևս ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ։

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին

Պատմագիտական զեղծարարությունները Ադրբեջանի պատմության վերաբերյալ 

Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի Ռուբեն Գալչյան

Իսկ հարցին, թե ինչու ցարական շրջանում կամ խորհրդային առաջին շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին տես

«Միջնադարյան ադրբեջանցու» ստեղծման ուղիղ համեմատականը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ըստ Ի Պետրուշևսկիի աշխատանքների

Բաքու քաղաքի բնակչությունը XIX դարում

Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն ադրբեջանցի են սկսել կոչվել 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ վարած քաղաքականության շրջանակում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. համամիութենական մարդահամարով Ադրբեջանի տիտղոսակիր ժողովրդի ներկայացուցիչները (նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար ամրագրվեց այդ անվանումը։