ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ

Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված եւ այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից եւ ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:

«Այն , որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երեւում է որ որեւէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաեւ պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր եւ այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էին: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սեւբերետավորներն թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ  ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երեւանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը եւ 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի  ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ:

«Նրանցից որեւէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել եւ ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-ասաց նա: Իրավապաշտպանը նշեց, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:

Նշենք, որ նախօրեին ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ զանգվածային անկարգությունների հոդվածով: Այս պահին 28 անձ ձերբակալվել է: