Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին բերման ենթարկվածներից 3-ն ազատ են արձակվել

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`այսօր վաղ առավոտից Շիրակի մարզում քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացրել` փակելով մայրուղիներ և փողոցներ։ Առավոտյան քաղաքացիները փակել էին Բավրա Գյումրի միջպետական ճանապարհի Թորոսգյուղի հատվածը, որի ընթացքում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բացել են ճանապարհը և բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

«Մենք այս պահին գտնվում ենք Ամասիայի ոստիկանության դիմաց, այս պահին Ամասիայի ոստիկանության բաժին բերման ենթարկվածները 7-ն են։Բերման ենթարկվածներ կան նաեւ Աշոցքի բաժնում։ Երեք քաղաքացի է ազատ արձակվել ոստիկանության Աշոցքի բաժնից, Ամասիայի բաժնում գտնվող 7 քաղաքացիները շարունակում են անազատության մեջ մնալ»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը, ով ևս խաղաղ ակցիայի մասնակից է։

Միրզոյանի փոխանցմամբ`ճանապարհային ոստիկանության կողմից մեքենաները տեղափոխվել են հատուկ կայանման վայրեր։

Նշենք նաև, որ ոստիկանության բաժանմունքում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։