Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին

Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել միջազգային կառույցների ու դեսպանատներին՝ հանդիպելու համար։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցին «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, նշեց. «Դիմելու ենք այն բոլոր երկրների դեսպաններին, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ՀՀ-ում իրականացնում են, այսպես կոչված, բարեփոխումների ֆինանսավորում, ծրագրեր են հաստատել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և իրավական պետության ուղղությամբ: Հրավիրելու ենք փակ հանդիպման, որպեսզի անկաշկանդ զրույց լինի: Ուզում ենք իրենցից ստանալ հստակ պատասխան ստանալ՝ արդյոք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է՝ իր բոլոր դրսևորումներով, քաղբանտարկյալներից սկսած, ավարտած պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմը գործադրելով»: