Գյումրուց ավտոերթ՝ ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների

«Այսօր՝ ժամը 17։30-ին, Գյումրու 58 թաղամասում գտնվող Սբ․ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկելու է ավտոերթ՝ ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների։

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- նշված է «Տավուշը հանուն հյարենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից  փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Հաջակցություն տավուշցիների, բողոքի ակցիաներ են ծավալվում Հայաստանի ամբողջ տարածքում։