Հնդկաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև իրականացնում ենք ռազմարդյունաբերական արտահանման խթանման քաղաքականություն»,- ասաց նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իր երկիրը չի կարող ձեռքերը ծալած նստել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը կզինեն Հայաստանին։ Նրա խոսքով, թվարկված երկրները «դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են այդ կերպ Բաքվին ինչ-որ բան ապացուցել»։

Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը 600 մլն դոլար ընդհանուր գումարով Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգ։