Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը

Այսօր առավոտից փակ է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ փակել են պարեկները՝ պատճառաբանելով, որ ինչ-որ աշխատանքներ են կատարվում։ Թե մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի այդ հատվածում, պարեկները չեն պարզաբանել։

Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով։

Հիշեցնենք, որ օրերս այս ճանապարհը ևս մեկ անգամ փակվել էր, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացրել։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն պարզաբանել էր, թե ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար։