Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է (տեսանյութ)

Տավուշցիները փակել են նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Այստեղ են Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջեց ժողովրդին հարգանքով վերաբերվել:

Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց: Ակցիայի մասնակիցներն ուշքի են բերել նրան, ապա կանչել շտապօգնություն: Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Հայաստանի տարածքում այսօր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։

Փակ են Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, Երևան-Մարտունի, Երևան-Մեղրի ավտոճանապարհները, Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում փակ է։ Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։

Փողոցներ են փակվել նաև Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: