«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Երիտթուրքերի կողմից 109 տարի առաջ իրականացված ցեղասպանության վերջնական փուլը հայերին սեփական բնակավայրերից տեղահանելն էր և այդ տեղահանության ընթացքում իրականացված մասսայական սպանդը։ Այս համատեքստում նիկոլական խուլիգանախմբի գործողություններն անշեղորեն համընկնում են երիտթուրքերի իրականացրածի հետ։ Նախ, 2020-ի դավադիր պատերազմի ընթացքում նիկոլական խուլիգանախումբը «կորցրեց» բազմաթիվ բնակավայրեր Արցախում, իսկ արդեն պատերազմից հետո առանց մի կրակոցի հանձնեց Արցախի ազատագրած բնակավայրերը՝ արցախցիներին թողնելով շրջափակման մեջ։ Կարճ ժամանակ անց խուլիգանախմբի լուռ համաձայնությամբ Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց հազարամյակներով իր բնօրրանը դարձած Արցախից։ Այդ ընթացքում նիկոլական խուլիգանախումբը տարածքներ զիջեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, իսկ այսօր արդեն ստորագրությամբ հանձնում է Տավուշի մարզի գյուղերն ու միջպետական ճանապարհները։

Ավելի հակիրճ լինելու համար չեմ թվարկում երիտթուրքերի և նիկոլական խուլիգանախմբի գործողությունների միջև առկա նմանությունների շարքը, բայց, հաշվի առնելով պահի էմոցիոնալությունն ու գետնի վրա գործող խուլիգանախմբի կարկառուն ներկայացուցիչներին, չեմ կարող չկենտրոնանալ մի շատ աչք ծակող նմանության, ես կասեի՝ նույնականացման վրա։ Վերջին օրերին նիկոլական հանցավոր խուլիգանախմբի ներկայացուցիչներից ամենաապականվածները գործուղվում են Տավուշ իրենց երիտթուրքական գործելակերպը մերժող քաղաքացիներին սադրելու նպատակով։ Այդ ներկայացուցիչների մեջ առավել ակտիվ է տավուշեցի Վահե Ղազարյանը, որը հանդիսանում է ՀՀ ներքին գործերի նախարարը և որի ղեկավարած կառույցի ծառայողներն իր երիտթուրք պաշտոնակից Թալեաթ Փաշայի աշխատակիցներից ոչնչով չեն տարբերվում՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Վահե Ղազարյանը և Թալեաթ Փաշան շատ նմանություններ ունեն իրենց գործունեության և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրենց ղեկավարած կառույցների վերաբերմունքով, շատ հատկանշական է այս օրերին Ղազարյանին սեփական հայրենիքը հանձնելու առաջամարտիկի դերում տեսնելը։

Ի վերջո, ինչպես 109 տարի առաջ երիտթուրքերին չհաջողվեց վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, այնպես էլ նիկոլական խուլիգանախմբին չի հաջողվելու փակել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության էջերը, բայց պատմության մեջ այս զուգահեռները շատ օգտակար նշանակություն են ունենալու։ Հայ ժողովուրդն արձանագրելու է Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, երիտթուրքերի և Նիկոլի, Վահեի, Ալենի ու խուլիգանախմբի միջև առկա նվազագույնը պատշաճ իրավահաջորդի (եթե ոչ գենետիկ երիտթուրքի) առկայությունը։ Այդ գործընթացն այլընտրանք չունեցող գործընթաց է, ինչպես 1915-ից հետո, 2018-ից հետո ևս հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ Էնվերի և Թալեաթի ոչ կենսաբանական թոռնիկները ստանալու են իրենց պատիժը Հայկական արդարադատության առաջ։ Ընկե՛ր ջան, գինի՛ լից…

Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Տավուշում հայրենիքի հանձնումը մերժող եղբայրներին և քույրերին։ Խորն ափսոսանքով եմ բանտային պայմաններում հետևում տեղի ունեցող բողոքի դրսևորումներին, բայց մենք բանտարկված ենք հենց դրսում չլինելու համար։ Ուժ ու կորով եմ մաղթում գիշեր-ցերեկ մերօրյա երիտթուրքերի դեմ պայքարի ելած քաղաքացիներին և հուսով եմ` շատ շուտով յուրաքանչյուր հայ դուրս կգա փողոց։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
24.04.2024»։