«Ազգի Գողգոթան». Հայոց ցեղասպանության մասին առաջին գրավոր վկայություններից

Mediamax.amներկայացրել է 1916 թվականի նոյեմբերին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված The Calvary of a Nation: A Personal Narrative հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հոդվածը անստորագիր է՝ կարելի է ենթադրել, որ հեղինակը չի ցանկացել նշել իր անունը անվտանգության նկատառումներից: Սա Հայոց ցեղասպանության մասին առաջին մանրամասն գրավոր վկայություններից մեկն է: Հիշեցնենք, որ «ցեղասպանություն» եզրույթը գործածության մեջ դրվեց միայն 1944 թվականին՝ Ռաֆայել Լեմկինի կողմից:

1915 թվականի գարնան սկզբին Թուրքիայի ներքին գործերի բոլոր պաշտոնյաներին ուղարկվեց հետևյալ հայտարարությունը.
«Քանի որ մեր հայրենակից հայերը, որոնք կազմում են Օսմանյան կայսրության ազգային տարրերից մեկը, օտարերկրյա դրդմամբ տարիներ շարունակ որդեգրել են հասարակական կարգը խախտելու կեղծ գաղափարները, արյունալի իրադարձությունների պատճառ են դարձել և փորձել են քայքայել Օսմանյան պետության խաղաղությունն ու անվտանգությունը, իրենց հայրենակիցների և իրենց սեփական անվտանգությունն ու շահերը, ավելին՝ որոշել են միանալ իրենց ոխերիմ թշնամուն՝ Ռուսաստանին, և մեր պետության դեմ այժմ պատերազմող թշնամիներին,
տեղեկացնում ենք, որ մեր կառավարությունը ստիպված է արտակարգ միջոցներ ձեռնարկել թե՛ երկրի կարգուկանոնի ու անվտանգության պահպանման, թե՛ հենց հայ ժողովրդի բարօրության ու գոյության պահպանման համար։
Որպես միջոց, որը պետք է կիրառվի մինչև պատերազմի ավարտը, հայերը պետք է ուղարկվեն ներքին վիլայեթներում հատուկ վայրեր, և բոլոր օսմանցիներին կտրականապես հրամայված է բառացիորեն հնազանդվել հետևյալ հրամաններին.
Առաջին. Բոլոր հայերը, բացառությամբ հիվանդների, սույն հրովարտակի օրվանից հինգ օրվա ընթացքում պետք է ժանդարմերիայի ուղեկցությամբ լքեն իրենց գյուղերը կամ թաղամասերը։

Երկրորդ. Թեև նրանք կարող են իրենց հետ տանել շարժական գույքի ցանկացած առարկա, նրանց արգելվում է վաճառել իրենց հողերը կամ հարակից գույքը կամ թողնել այն այլ անձանց մոտ, քանի որ նրանց աքսորը ժամանակավոր է, և նրանց հողատարածքների և գույքի մասին, որը նրանք չեն կարող վերցնել իրենց հետ, հոգ կտանի կառավարությունը, և դրանք կպահվեն ապահով շինություններում: Յուրաքանչյուր ոք, ով կվաճառի կամ կփորձի տնօրինել իր շարժական գույքը կամ հողատարածքը սույն կարգին հակասող եղանակով, կդատվի ռազմական դատարանով։ Հնարավոր է կառավարությանը վաճառել միայն այն գույքը, որն անհրաժեշտ է բանակի կարիքներին»։
Երրորդ կետը պարունակում է անվտանգ վարքագծի խոստում:

Չորրորդ կետը սպառնում է խստագույն կերպով պատժել նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություններ կատարել ներքին տարածքներ տեղափոխվող հայերի նկատմամբ:

Հինգերորդ կետում ասվում է. «Քանի որ հայերը պարտավոր են ենթարկվել կառավարության որոշմանը, եթե նրանցից որևէ մեկը փորձի զենքի ուժով դիմադրել զինվորներին կամ ժանդարմներին, ապա նրանց նկատմամբ պետք է զենք կիրառվի, և նրանց պետք է բռնել ողջ կամ մեռած։ Նույն կերպ նրանք, ովքեր, ի հեճուկս կառավարության որոշման, չհեռանան կամ փորձեն թաքնվել, կուղարկվեն ռազմական դատարան, իսկ եթե նրանց ապաստան կամ սնունդ և օգնություն տրամադրեն, ապա նրանց ապաստան տվող կամ օգնող անձինք ռազմական դատարանի որոշմամբ մահապատժի կենթարկվեն»։
Այս մի քանի նախադասությամբ կառավարությունն արտոնեց և գործի դրեց արձանագրված ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ հայերի տեղահանությունը:
Սովորական մարդու համար այս երկու բառերը անարդարության և տառապանքի ընդամենը անորոշ զգացում են փոխանցում: Այդպիսին են, ի վերջո, Օսմանյան կայսրության անվան հետ կապված գլխավոր ասոցիացիաները, որն իր համաշխարհային հռչակը մեծ մասամբ ձեռք է բերել հսկայածավալ բարբարոսությունների շնորհիվ: Ջարդերը Թուրքիայի պատմության սովորական երևույթներից են։ Թուրքերը Ասիայի կենտրոնից կոտորելով եկան այն երկիրը, որն այժմ գրավում են. ժողովուրդներին նրանք նվաճեցին պարբերական կոտորածներով: Տասնիններորդ դարում տեղի ունեցան այս սև արարքներից մի քանիսը. 1821-27 թվականների հունական հեղափոխության ժամանակաշրջանը, երբ Իբրահիմ Փաշան պարծեցավ, որ Հունաստանը անապատի կվերածի, և գրեթե հասավ իր նպատակին, 1860 թվականի սիրիական կոտորածը, սերբական բարբարոսությունները և Բուլղարիայի 1875-76 թվականների վայրագությունները, երբ պարոն Գլադստոնը հայտարարեց, որ «թուրքը պետք է հեռանա Եվրոպայից՝ իրերը հավաքի ու գնա», հայկական երկար ու սարսափելի կոտորածը։ Արյունոտ պատմությունը շարունակվում է Աբդուլ Համիդի գահակալությունից մինչև երիտթուրքական ռեժիմի իշխանության գալը, որը սկսվեց համիդյան բռնությունները գերազանցող հայերի կոտորածով. և ամեն անգամ, երբ անմեղ ժողովուրդները կրակի ու սրի էին մատնվում, աշխարհը լցվում էր սարսափով և կարեկցանքով, թեև դանդաղորեն գիտակցում էր, որ այս ամենը հիմնականում կատարվել է շնորհիվ այն հովանու, որը թուրքերին տրամադրել է եվրոպական մեծ տերությունների փոխադարձ նախանձը: Պատմությունը շարունակ կրկնվում էր, մինչև (պետք է խոստովանել) ամերիկացիներն ու եվրոպացիները հոգնեցին դրանից և քիչ թե շատ համակերպվեցին այն մտքին, որ հայերը տառապանքի դատապարտված ազգ են։
Զարմանալի չէ ուրեմն, որ այն ժամանակ, երբ ողջ Եվրոպան լողում է արյան ու արցունքի մեջ, և եվրոպական երկրներում ավերածություն է տիրում, դժվար է ստիպել մարդկանց ականջ դնել հայերի մեծագույն փորձությանը և համոզել նրանց, որ այս պահին թուրքերը, պրոֆեսոր Գիբոնսի արդարացի խոսքերով, անխոչընդոտ գրում են «ժամանակակից պատմության ամենասև էջը»։ Դժվար է համոզել նրանց, որ Աբդուլ Համիդի դաժանությունները ողորմած էին համեմատ այս վերջին գործողություններին։ Ջարդերի պատճառած տառապանքը սփռված էր, խոցում էր մարդկանց միայն մի մասին. հազարին այստեղ, տասը հազարին այնտեղ, մինչդեռ ցեղի մեծ մասը գոյատևում էր: Այդպիսին էր Հին Թուրքի քաղաքականությունը կամ իմաստությունը. կենդանի պահել կովին, որպեսզի կարողանա շարունակ կթել: Այդպիսին չէ երիտթուրքը։ Խելացի, կրթված, անհավատ և անբարեխիղճ այդ մարդու համար հայերի հետ վարվելու հին մեթոդը չափազանց դանդաղ էր. նա որոշեց միջոց գտնել խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար և մշակեց տեղահանության ծրագիր, որը պարզապես Օսմանյան կայսրությունում հայ ցեղի ոչնչացման այլ անունն է:1

Տեղահանության ամբողջական պատմությունը երբեք չի գրվի այն պատճառով, որ այդ տառապանքն աննկարագրելի է, դրա անգթությունը՝ անհավատալի: Հիմնական փաստը, սակայն, այն է, որ պատերազմական միջոցառումների պատրվակով հայերը զանգվածաբար քշվել են Սև ծովի և Մարմարայի ափերից դեպի հարավ՝ մինչև սիրիական անապատ։ Մարդիկ, ովքեր հանգիստ ապրում էին իրենց տներում այն շրջաններում, որտեղ դարեր շարունակ ապրել են իրենց նախնիները, ստիպված էին հապճեպ թողնել ամեն ինչ և ժանդարմերիայի մտրակների տակ երթով քայլել դեպի ամայի ներքին տարածքներ՝ առանց սննդի և ապաստանի: Կանանց, որոնց ամուսինները ամիսներ շարունակ ծառայում էին թուրքական բանակում, քշեցին՝ երեխաները գրկներին։

Իրադարձությունները, որոնց ես ականատես եղա Մարսովանում, կոնկրետ օրինակ են, թե ինչ էր կատարվում ողջ երկրում։ Մարսովանում, որը գտնվում է Սիվասի վիլայեթում՝ Սև ծովից մոտ վաթսուն մղոն հարավ, ապրում էր 30.000 մարդ՝ կեսը թուրքեր, կեսը հայեր: Հույների թիվը շատ փոքր էր։ 1915 թվականի ապրիլի վերջին հինգշաբթի օրը առանց նախազգուշացման ձերբակալվեցին առաջատար հայերից քսանհինգը, որոնց թվում Ամերիկյան քոլեջի հայերեն լեզվի պրոֆեսորը և նույն հաստատության մի քանի շրջանավարտներ։ Հաջորդ օրը նրանց պահակախմբի ուղեկցությամբ տարան մայրաքաղաք Սիվաս։ Դա նրանց վերջն էր. այլևս ոչ ոք նրանց կենդանի չտեսավ: Նրանք, ովքեր չէին մահացել բանտարկյալների շրջանում մոլեգնող տիֆից, ենթարկվեցին խոշտանգումների, որոնք ավելի ծանր էին, քան միջնադարում։ Պրոֆեսորի ճակատագիրը հատկապես սարսափելի էր. վստահելի տեղեկությունների համաձայն՝ նրա աչքերը հանել էին ակնախոռոչներից, եղունգները արմատներից պոկել, իսկ մազերն ու բեղերը դանդաղ՝ մազ առ մազ պոկել։ Խեղճը ողջ էր մնաց այս փորձություններից հետո և վերջապես մահապատժի ենթարկվել: Ոչ ոք չգիտի, թե ինչ մեղադրանքով էր նա արժանացել այս դաժան վերաբերմունքին։

Ամեն տեղից գալիս էին նմանատիպ խոշտանգումների պատմություններ: Ամասիայի մի ատամնաբույժ և մի նշանավոր վաճառական՝ երկուսն էլ իմ ընկերները, լավ քաղաքացիներ և թուրքական կառավարությանը ծառայող մարդիկ, նախ գցվեցին մեկուսարան, որտեղ պահակները նրանց օրերով թույլ չէին տալիս նստել կամ պառկել, իսկ հետո ենթարկվեցին բաստինադոյի՝ ոտքերի ներբաններին ձողերով ծեծին, ինչը սոսկալի, անասելի պատիժ է: Երբ նրանք ողորմածորեն կորցնում էին գիտակցությունը, վայրագ պահապանները վերակենդանացնում և խնամում էին նրանց, որպեսզի կրկին խոշտանգեն: Մինչ նրանք ջղաձգվում էին ձողերի հարվածների տակ, նրանց հարցեր էին տալիս, մասնավորապես՝ հեղափոխական ծրագրերի, ենթադրյալ ներգրավված անձանց, թաքցրած զենքերի և այլնի վերաբերյալ։

Ձերբակալությունները շարունակվել են մայիս և հունիս ամիսներին։ Երկար ժամանակ սարսափ էր տիրում: Ոչ ոք չգիտեր, թե հաջորդն ում հերթն է լինելու։ Տանում էին հարյուրավոր մարդկանց՝ սովորաբար գիշերները, իրենց մահճակալներից՝ բանտ, իսկ հետո, ինչպես հետո իմացանք, մահապատժի վայրեր: Տեսարանները բանտի մոտ աննկարագրելի էին։ Ես ամեն օր տեսնում էի նրանց իմ ննջասենյակի պատուհանից՝ կանանց ու երեխաների խմբեր, որոնք սպասում էին դարպասներից դուրս, ձեռքներին իրենց հարազատների համար ուտելիքի փոքրիկ կապոցներ, թեև գիտեին, թե որքան քիչ շանս կա, որ այն կհասնի իրենց սիրելիներին: Նրանք լուռ կանգնում էին այնտեղ, թեև լռությունը հաճախ խախտվում էր կնոջ լացով, որը նոր էր իմանում, որ ամուսնուն տարել են։ Այսպես էին մայրերը լսում իրենց որդիների, քույրերն՝ իրենց եղբայրների, փոքր երեխաներն՝ իրենց հայրերի հեռանալու մասին: Չափազանց վշտալի էր տեսնել այս ամենը, բայց առավել ցավագին էր, երբ խեղճ մարդիկ գալիս էին իմ աշխատասենյակ և աղաչում միջնորդել, ինչը, ես գիտեի, բացարձակապես անօգուտ է:

Վերջապես հունիսի վերջին ձերբակալվեցին տասներկու տարեկանից բարձր բոլոր արական սեռի հայերը։ Նրանց տարան ստորգետնյա սրահ՝ քաղաքային զորանոցի տակ։ Ըստ ժամանակավորապես ազատ արձակված ընկերների նկարագրության՝ սրահը լեփ-լեցուն էր բանտարկյալներով, շատերի համար միայն կանգնելու տեղ կար: Մուտքի մոտ օդը, ասում էին, խփում էր դեմքին, ինչպես ջեռոցի տաք օդը, և աղտոտ էր, ինչպես Կալկաթայի «Սև Փոս» զնդանը, քանի որ մի անկյունը ստիպված օգտագործվում էր բնական կարիքների համար:

Ի վերջո մի գիշեր բանտարկված մարդկանցից մի քանիսին հանեցին և քշեցին Ամասիայի կամ Զիլեհի ուղղությամբ։ Նրանք այդպես էլ չհասան իրենց նպատակակետին: Մարսովանից երեք-չորս ժամ հեռավորության վրա նրանց հինգ կամ տասը հոգանոց խմբերով մի կողմ տարան՝ ձեռքերը հետևից կապած, և ծնկի իջնելուց հետո մորթեցին կացիններով կամ դաշույններով և նետեցին խրամատները: Սա թուրք ականատեսների վկայություններն են, և նրանցից ոմանք ժանդարմներ էին, ովքեր օգնել էին ավարտին հասցնել ջարդը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս կերպ ոչնչացվել է 1215 տղամարդ։ Նախքան մարմինները թողնելը, հանում էին նրանց վերնազգեստը, և դահիճները վերցնում էին հայտնաբերած թանկարժեք իրերն ու զարդերը. նրանցից շատերը, որոնք մինչ ջարդերը կոպեկ չունեին, վերադարձան ուռուցիկ, զնգացող գրպաններով: Հայերի կոշիկները և նրանց հագուստը բացեիբաց վաճառվում էր շուկաներում, և վաճառականները ճանաչում էին այս կամ այն զոհին պատկանող իրը։

Հունիսի վերջին շաբաթ օրը քաղաքի կառավարիչը բանտից կանչեց վաթսունից բարձր և տասնութ տարին չլրացած ողջ մնացած տղամարդկանց և ասաց նրանց, որ Սուլթանը ներում է շնորհել նրանց հանցանքներին: Թող վերադառնան տուն և աղոթեն Սուլթանի համար։ Ուրախությունն այս ողորմածությունից անսահման էր. բայց հաջորդ օրը քաղաքի ազդարարն անցավ Մարսովանի փողոցներով և հայտարարեց, որ բոլոր հայերը պետք է երեք օրվա ընթացքում լքեն այդ վայրը և մեկնեն Մոսուլ և Դեր-Զոր՝ ավելի քան 1000 մղոն դեպի հարավ։ Նախօրեին ազատ արձակված տղամարդիկ պետք է ուղեկցեն կանանց ու երեխաներին։ Այսպես մարդիկ առաջին անգամ իմացան իրենց սպասող իրական ճակատագրի մասին։

Երրորդ օրվա առավոտը՝ դեռ լույսը չբացված, հարևան բոլոր գյուղերից եզներով լծված սայլեր սկսեցին լցվել Մարսովան. ժանդարմները ստիպեցին հայերին բարձրանալ սայլերը հապճեպ հավաքած իրերով, և այսպես սկսվեց գաղթը։ Սարսափած զոհերով լի վիթխարի, դղրդացող սայլերը դանդաղ անցում էին փողոցներով, իսկ մնացածները լուռ նայում էին՝ հասկանալով, որ իրենց հերթն էլ է գալու։ Եվ այն եկավ նույնիսկ ավելի վաղ, քան նրանք սպասում էին. երկու-երեք օրից եզների սայլերը վերադարձան դատարկ, որպեսզի նոր բեռ վերցնեն։ Դրանք համեմատաբար փոքր տարածք անցան դեպի երկրի խորքը, ապա հայերին հրամայվեց դուրս գալ և ոտքով շարունակել ճանապարհը դեպի հարավ։ Սկսվեց իրական «տեղահանությունը»։

Հարկ է հաշվի առնել, որ Մարսովանի ողբերգությունը այս կամ այն ծավալով տեղի է ունեցել հարյուրավոր այլ գյուղերում և քաղաքներում, որտեղ նույն ձևով ծավալվում էր հայերի վերացման գործընթացը։ Մինչ թշվառ մարդկանց խմբերով վտարում էին իրենց տներից, գեղեցկագույն աղջիկներին ու կանանց տանում էին թուրքական հարեմներ: Հրապարակավ նրանք պետք է աղախիններ ծառայեին, բայց կարելի է հեշտությամբ կռահել նրանց իրական կարգավիճակը: Այս «ընտրությունը» մեթոդաբար շարունակվում էր այն քարավանների երթուղիներով, որոնցով գնում էին փախստականները: Քրդերը, թուրքերը, արաբները հարձակվում էին անպաշտպան զոհերի վրա և անարգել խլում իրենց ընտրյալներին: Մնացածները ստիպված շարունակում էին քայլել ստրկատերերից էլ դաժան ժանդարմների և այլ պաշտոնյաների մտրակների տակ։

Երբ հոգնածությունն ու սովը պատեցին հայերին, պայմանները ծայրահեղ դարձան։ Մանուկներին գրկած մայրերը քայլում էին այնքան, մինչև իրենց տանջված մարմինները հանձնվում էին, և նրանք ուշագնաց ընկնում էին ճանապարհի եզրին։ Մյուսները նետվում էին ժայռերից կամ գետերի մեջ՝ խուսափելու այն բանից, ինչ նրանց կարծիքով մահից ավելի վատ էր: Ավելի սարսափելի էր հղիության վերջին ամիսներին գտնվող կանանց վիճակը: Ժանդարմները նրանց չէին խղճում։ Երբ ժամը հասնում էր, սպասում էին, որ ծննդաբերությունն ավարտվի, և մտրակներով ստիպում էին ոտքի կանգնել և շարունակել քայլել, մինչև արյունահոսությունը վերջ կտա նրանց թշվառությանը: Նորածին երեխաներին մեծ մասամբ քարերին խփելով կտոր-կտոր էին անում:2

«Տեղահանության» համակարգի ամբողջական զարգացումը հասկանալու համար կարող ենք կրկին քննել Մարսովանի դեպքը։ Այս քաղաքը կարևոր միսիոներական կենտրոն է: Ամերիկյան վարչության ներքո այստեղ բժշկական, ավետարանական և կրթական մեծ աշխատանք էր ծավալվել։ Անատոլիա քոլեջում ուսանում էին ավելի քան չորս հարյուր ուսանողներ, Օրիորդաց գիշերօթիկ դպրոցում՝ մոտ երեք հարյուր աշակերտուհիներ, կար հիվանդանոց, աստվածաբանական ճեմարան և արդյունաբերական հաստատություն։ Բարի գործերը տարածվում էին ողջ Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս՝ Ռուսաստանում, Հունաստանում և Եգիպտոսում: Դեսպան Մորգենթաուն խոստումներ էր ստացել Էնվեր Փաշայից և Թալեաթ Բեյից, որ քոլեջի մարդիկ բռնության չեն ենթարկվի, բայց Մարսովանի նահանգապետը հայտարարեց, որ իրեն նման խոստումի մասին չեն ծանուցել, և նա ոչ մի հրաման չի ստացել, բացի նրանից, որ պետք է աքսորի բոլոր հայերին: Թուրքերը կրկին մատների վրա խաղացրել էին դիվանագետին։

Եվ այսպես 1915 թվականի օգոստոսի 10-ին քոլեջի բակ մտավ եզներով լծված վաթսուն մեկ սայլ։ Ժանդարմները ուժով բացեցին մեծ դարպասները և ջարդեցին բոլոր փակ դռները։ Նրանք մտան անգամ ամերիկացիների տները և տարան այդ տարածքում գտնվող յուրաքանչյուր հայի։ Պրոֆեսորները, ուսուցիչները, ուսանողները, հիվանդանոցի բուժքույրերը, ովքեր ամիսներ շարունակ խնամում էին թուրք զինվորներին, ծառաները՝ բոլորը պետք է հեռանային: Ըստ պրոֆեսորների կանանց վկայության, որոնց տեսել են Սիվասի մոտ, բոլորը միասին անցան Զիլեհը (այն տարածաշրջանը, որտեղ Հուլիոս Կեսարն ասել է իր հայտնի «Veni, vidi, vici»-ն), հետո նրանց բաժանել են։ Պարաններով կապված տղամարդկանց քշել էին մի ուղղությամբ, կանանց ու մանկահասակ երեխաներին՝ մեկ այլ: Ըստ ժանդարմների վկայության՝ բոլոր տղամարդկանց սպանել էին։ Նրանցից մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա։ Նրանց թվում էր պրոֆեսոր Վ. Հ. Հակոբյանը՝ Կոնստանդնուպոլսի համալսարանում վերապատրաստված գիտնական, մի քանի գրքերի հեղինակ ու քոլեջի իրավախորհրդատու, մաթեմատիկայի և աստղագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ա. Գ. Սիվաստայանը՝ փորձառու ուսուցիչ և իսկական քրիստոնյա ջենթլմեն, և ֆակուլտետի շատ այլ անդամներ: Նրանցից ոչ մեկը կապ չուներ հեղափոխական շարժման հետ, բոլորը հավատարիմ և օգտակար քաղաքացիներ էին, որոնք ցանկալի են ցանկացած երկրում և կաջակցեին դրա բարեկեցությունը: Ասես դա էր նրանց գլխավոր հանցագործությունը։

Քոլեջի տարհանման հաջորդ օրը հերթը հասավ Օրիորդաց դպրոցին։ Վաղ առավոտյան հայտնվեցին ժանդարմները և տարան բոլոր աշակերտուհիներին։ Քաղաքից արտաքսելուց առաջ յուրաքանչյուր աղջիկ թուրք պաշտոնյայի կողմից ենթարկվել է առանձին ինկվիզիցիայի, որի ընթացքում նրան առաջարկել են ընդունել իսլամ և անվնաս մնալ կամ արտաքսվել: Բոլորը միահամուռ ընտրել էին վերջին տարբերակը: Ճանապարհին նրանց շարունակում էին սպառնալիքների ուղեկցությամբ նման առաջարկներ անել։ Բարեբախտաբար դպրոցի տնօրենը՝ մի ամերիկուհի, թույլտվություն խնդրեց հետևել աղջիկներին և առաջ անցավ մի քանիսից Սիվասում, որտեղ նրան հաջողվեց ստանալ վալիի համաձայնությունը և քառասունութ հոգու հետ բերել Մարսովան։ Մնացածներին տեղափոխել էին ավելի հեռու, և նրանց այլևս հնարավոր չէր օգնել:

Մինչ տեղի էր ունենում տեղահանությունը, պետական պաշտոնյաների տարբեր կոմիտեներ սկսեցին գույքագրել աքսորյալների տներն և խանութները և կնքել դրանք։ Շատ պաշտոնյաներ, սակայն, իրենց պարտականությունների կատարման ընթացքում լցրին իրենց գրպանները և լիարժեք տուն ստացան. իրականում հայերի ունեցվածքն այնքան արագ անհետացավ, որ երբ գույքագրումն ավարտվեց, տներում հայտնաբերվածի ընդհանուր գումարը հազիվ բավարարեց կոմիտեների ծախսերը հոգալու համար։ Իսկ հայկական տները լի էին գորգերով, կահույքով, պղնձե սպասքով, անկողնային պարագաներով և այլնով, որը ստիպված թողել էին տերերը, որոնց քշել էին ոչնչացնելու:

Տեղահանության ժամանակվանից Մարսովանում տիրող սարսափելի բարոյալքվածության պատճառով ես որոշեցի հեռանալ երկրից, ուստի ամառվա վերջում ճամփա ընկա Կոստանդնուպոլիս՝ Անատոլիայի քոլեջի քիմիայի պրոֆեսոր, ԱՄՆ քաղաքացի պարոն Ջ. Արոզյանի և նրա տիկնոջ, դստեր և տարեց մոր հետ: Մեզ հետ էին նաև տիկին Գուլիենթյանը՝ իր չորս դուստրերի հետ, որոնք Անգլիայից եկել էին հարազատներին այցելելու (այս երկու ընտանիքները մայրաքաղաք մեկնելու հատուկ թույլտվություն ունեին Էնվեր Փաշայից) և Վերապատվելի Կ. Դոմիրգյանը, կինն ու դուստրը:

Կոստանդնուպոլիս տանող երկաթգիծը սկսվում է Անգորայից, և Մարսովանից մինչև կայարան երկար ճանապարհը պետք է կատարվեր կառքերով: Անգորայից երկու օրվա ճանապարհ էինք անցել և բարձրանում էինք Յաղլի գյուղի մոտի զառիթափ բլուրը, երբ մեզ կանգնեցրեց մի ժանդարմ՝ ամբողջովին զինված, ութ կամ տասը բաշիբոզուկների ուղեկցությամբ՝ կացինները ձեռքներին։ Նա մեզ հարցրեց, թե արդյոք մեր մեջ հայեր կան, և հավելեց, որ բոլոր հայերը պետք է անմիջապես վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։ Ես վիճեցի և աղաչեցի նրան՝ հատուկ շեշտելով Էնվեր Փաշայի թույլտվությունը, որի անունը, կարծում էի, հրաշքներ կգործի. բայց այդ մարդը հայհոյանքով ընդհատեց ինձ և ասաց, որ ո՛չ կարդալ գիտի, ո՛չ գրել, որ իրեն դրել են այստեղ, որ հայերին հետ ուղարկի, և նրանք պետք է վերադառնան։

Մինչ մենք վիճում էինք նրա հետ, մոտեցան մոտ մեկ տասնյակ ձիավորներ։ Նրանք կրկնեցին նույն հրամանը՝ «Հայերը վերադառնո՛ւմ են»։ Մեր կառապանները՝ բոլորը թուրքեր, մոտեցան ու աղաչեցին իրենց հաճախորդների համար. մենք կրկին ցույց տվեցինք Էնվեր Փաշայի ստորագրությունը, այս անգամ պետին, որն անմիջապես սիրալիր դարձավ, սեղմեց ձեռքս և հրամայեց, որ շարունակենք մեր ճանապարհը։ Ավելի ուշ իմացանք, որ այդ մարդիկ այն չեթե խմբերից էին, որոնց կառավարությունը զինել էր և բաց թողել հայերի վրա: Նույն նպատակով զինվել և բանտերից ազատ էին արձակվել դատապարտվածները: Ականատեսներն ինձ պատմեցին նաև, որ բազմաթիվ հայեր սպանվել են հենց այն վայրում, որտեղ մենք հանդիպել էինք ձիավորներին։

Բայց ընկերներիս համար այս փախուստը ժամանակավոր էր։ Մեր չար բախտից Անգորա հասանք այն ժամանակ, երբ հենց նոր սկսվել էր տեղահանությունը։ Նախորդ վալին և քաղաքի ոստիկանապետը դեմ էին այդ միջոցառմանը և հետաձգել էին այնքան ժամանակ, մինչև իրենց փոխարինեցին այն մարդիկ, որոնք ուրախությամբ պատրաստ էին ենթարկվել Կոստանդնուպոլսի հրամաններին: Նրանց հաջողվեց շատ կարճ ժամանակում հավաքել քսան հազար հայերի, որոնց թվում էին նաև պրոֆեսորն ու քահանան, որոնք եկել էին ինձ հետ Մարսովանից։ Կառապանը, որը նրանց կառքով տարավ Անգորայից հարավ չորս ժամ հեռավորության վրա գտնվող մի լճի մոտ, ինձ պատմեց, որ նրանց իր աչքի առաջ գնդակահարեցին։

Անգորայում իմ գտնվելու ընթացքում բոլոր արական սեռի հայերը տեղահանվեցին, հիմնականում դեպի հարավային ներքին շրջաններ: Գյուղացիներն ու ժանդարմները հայտնում էին, որ նրանցից շատերը սպանվել են քաղաքից քիչ հեռու։ Ամեն օր տեսնում էի, թե ինչպես են նրանք թշվառ խմբերով վազում փողոցներով, իսկ ոստիկանները դաժանորեն հետապնդում են նրանց։ Անգորայի հայերը հիմնականում կաթոլիկներ էին։ Աբդուլ Համիդի օրոք նրանց շրջանում ջարդեր չէին եղել։ Նրանք ամենահավատարիմն էին թուրքերին, ազգայնական շարժումներին չէին մասնակցում։ Նրանք իրենց նույնիսկ հայ չէին անվանում։ Երիտթուրքերը, սակայն, կրոնական խտրականություն չդրեցին. առաքելականներին, բողոքականներին և կաթոլիկներին՝ բոլորին հավասարապես անխղճորեն արտաքսեցին: Առաքելական ու կաթոլիկ քահանաներին հաճախ տանում էին նույն կառքով և նույն կացնով գլխատում։ Հարկ է նշել, որ երբ ես դեռ Անգորայում էի, թուրքական Միության և Առաջադիմության Կոմիտեի ղեկավարները լուր ուղարկեցին քաղաքի կաթոլիկ եպիսկոպոսին, որ եթե ինքն ու իր ժողովուրդը իսլամ ընդունեն, բոլորին կխնայեն: Մերժումը միաձայն էր։

Մինչ ես շարունակում էի իմ ճանապարհորդությունը դեպի Կոստանդնուպոլիս, ի հայտ էին գալիս մեծ ողբերգության մանրամասները: Յուրաքանչյուր երկաթուղային կայարանում բոլոր տարիքի տղամարդկանց, կանանց ու երեխաների մեծ խմբեր լուռ և վհատ սպասում էին բեռնատար վագոնների ժամանմանը, որոնք պետք է տեղափոխեին իրենց դեպի Կոնիա և երկրի խորքի հեռավոր վայրեր: Որոշ կայաններում ոստիկանները թափահարում էին ձեռքերը և «կարգը պահպանելու» պատրվակով աջ ու ձախ մահակներով հարվածում խեղճ ահաբեկված կանանց ու երեխաներին։ Մեր կողքով անցնում էին գնացքներ, որոնք լեփ-լեցուն էին աքսորյալներով, ինչպես սպանդի կենդանիներով. երբեք չեմ մոռանա նրանց աչքերի արտահայտությունը, երբ նայում էին դանդաղ շարժվող վագոնների տախտակների արանքից, որոնք անողոքաբար տանում էին նրանց դեպի անապատ: Այսպիսի ճակատագրի արժանացան Էսկի Շելիրի, Բիլեջիկի, Ադաբազարի, Իսմիդի, Բարդեգագի, Բրուսայի և Մարմարայի ափի հայերը, այդ թվում՝ Մարմարայի հույները:

Անհնար է որևէ հստակ վիճակագրական տվյալներ ունենալ տեղահանությունների հետևանքով զոհված հայերի թվի մասին։ Այդ մարդկանց ստույգ թիվը Թուրքիայում անգամ մինչ պատերազմի սկիզբը հայտնի չէր։ Ենթադրվում է, սակայն, որ հայերի թիվը մոտ երկու միլիոն էր. չափազանցություն չէ ասել, որ նրանցին մեկ միլիոնը զոհվել է փաստացի բռնության կամ հիվանդության ու սովի հետևանքով: Համաձայն 1916 թվականի մայիսին Վաշինգտոնի Պետդեպարտամենտին ուղարկված ճեպագրի՝ մոտ հինգ հարյուր հազար մարդ ցրված էր Սիրիայում և Միջագետքում, ևս երեք հարյուր հազար ենթադրաբար սփռված էր Փոքր Ասիայի տարբեր մասերում: Գործնականում նրանք բոլորը ենթակա են հետագա արտաքսման և մի վայրից մյուսը տեղափոխվելու մշտական վտանգին, և յուրաքանչյուր նման տեղաշարժի արդյունքում հազարավոր մարդիկ կանհետանան: Սիրիական անապատում գտնվողներին տեսել են «խոտ, բույսեր և մորեխ ուտելիս։ Հաղորդվում է, որ հուսահատ դեպքերում կերել են սատկած կենդանիների լեշեր և մարդկային դիակներ»։

Եթե այս պայմանները շարունակվեն, արդյունքը պարզ է: Թուրքերին կհաջողվի բնաջնջել հայ ցեղը «բնական պատճառներով»՝ հիվանդություն, սով, հյուծում։ Նրանք կշարունակեն հայերին տեղից տեղ քշել անապատում, մինչև բոլորը չվերանան:

Հնարավոր չէ լսել հայերի տեղահանության սարսափելի պատմությունը և հարց չտալ, թե որն է այդ ամենի հիմքում ընկած պատճառը: Անգամ գիշատիչ գազանները, ինչպես ասում են, չեն սպանում միայն սպանելու կրքից. ո՞րն է նպատակը: Ի՞նչ արդյունքներ են ակնկալում թուրքերը այն էներգիայի դիմաց, որը ծախսել են այս բնաջնջումը իրականացնելու համար:

1. Ըստ թուրքական կառավարության, այս ծրագիրն անհրաժեշտ էր պատերազմի պատճառով: «Թուրքիան, – ասում են նրանք, – վիթխարի պայքար էր մղում գերազանցող ուժերի դեմ, կռվում իր գոյության համար: Հայերը դավադրում էին թշնամու հետ և ներքին անկարգություններ նախապատրաստում. հետևաբար նրանց պետք էր տեղափոխել մի տեղ, որտեղ նրանք վտանգ չեն ներկայացնում»։

Դավադրության այս մեղադրանքն անհիմն է։ Միակ անգամը, երբ հայերը զինված դիմադրություն են ցույց տվել թուրքերին, Վանում էր, այն էլ երբ նրանց վրա հարձակվեցին, և նրանք հասկացան, որ դատապարտված են բնաջնջման: Ճիշտ է, երբ 1908-ի հեղափոխությունից հետո թույլատրվեց զենքի ազատ վաճառքը, շատ հայեր օգտվեցին առիթից և պաշտպանվելու համար զենք գնեցին։ Զենքի աղբյուրը, սակայն, վերահսկվում էր կառավարության կողմից, քանի որ գալիս էր անմիջապես Գերմանիայից. և երբ պատերազմ հայտարարելուց հետո հայերին հրամայվեց հանձնել այն, նրանք կամավոր հնազանդվեցին, իսկ նրանք, ովքեր սկզբում հակված էին թաքցնել զենքը, վերջապես տեղի տվեցին իրենց քահանաների կամ հովիվների հորդորներին։

Թուրքերի արարքի համար փոքր արդարացում կարելի է համարել հայկական «հնչակիստ» և «դաշնակիստ» կազմակերպությունների գոյությունը, որոնք Աբդուլ Համիդի օրոք հարկադրաբար գաղտնի էին։ Բայց 1908-ի հեղափոխությունից հետո այս կազմակերպությունները դարձան հրապարակային և արժանացան երիտթուրքերի հավանությանը, որոնք հայտարարեցին, որ «հայ հեղափոխականները օսմանյան ազատության ռահվիրաներից են»: Նրանց ծրագիրը սոցիալիստական և կրթական էր, ուղղված էր ժողովրդի ուսուցմանը և այն իդեալներին, որոնք հենց երիտթուրքերը պաշտպանում էին հնչեղ արտահայտություններով։ Երբ եկավ ստուգելու ժամանակը, երևաց, թե որքան դատարկ էին իրականում այդ խոսքերը:

2. Ռասայական խանդը գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել: Թուրքերն իրոք օտար են այն երկրում, որը ղեկավարում են. նրանք եկել են որպես նվաճողներ և ուժով պահել են իրենց գերակայությունը։ Թուրքերին ենթարկվելու ժամանակ հայերը հին ու քաղաքակիրթ ժողովուրդ էին՝ կազմակերպված հասարակությունով, ինչին թուրքերը դարեր շարունակ չեն կարողացել հասնել. ձեռներեց ազգ՝ տնտեսող, եռանդուն, բոլոր ուղղություններով առաջադիմության ու մշակույթին ձգտող: Չնայած դաժան բռնաճնշումներին՝ նրանք դարձան երկրի առաջատար վաճառականները, առևտրականները, իրավաբանները, բժիշկները, հատկապես երկրի ներքին շրջաններում: Նույնիսկ Աբդուլ Համիդի օրոք ֆինանսների նախարարը սովորաբար հայ էր։ Նրանք մեծ հարստություն և ունեցվածք դիզեցին, և թուրք գյուղացին սովորաբար նրանցից կախում ուներ։

Այժմ երիտթուրքական կուսակցության իրական ծրագիրն է «Թուրքիան թուրքերի համար»: «Օսմանացման» անվան տակ նրանք վճռել են յուրացնել կամ վերացնել կայսրության բոլոր ոչ թուրքական տարրերը, և երկրի ոչ մուսուլման ժողովուրդների հաշվին վեհացնել սեփական ցեղը։ Նրանք տոգորված են ազգայնականության գաղափարով։ Նրանք դատապարտեցին Կոստանդնուպոլսի նվաճող Մուհամմեդ II-ի պետական քաղաքականությունը, որը օրոք կազմակերպվեց և ստեղծվեց հունական պատրիարքությունը՝ հատուկ արտոնություններով և անձեռնմխելիությամբ, և ցավում են, որ նախկին թուրքերը թույլատրել էին կայսրության հույն, հայ, բուլղար, սերբ և հրեա տարրերին դարեր շարունակ անձեռնմխելի պահել իրենց կրոնական, լեզվական և ռասայական առանձնահատկությունները։ Նրանք վճռել են գերագույն իշխանություն ունենալ իրենց նվաճած հողում, դառնալ հպատակ ժողովուրդների բացարձակ տերերը:

3. Թուրքիան բարեփոխելու բոլոր փորձերը ջախջախվեցին՝ բախվելով մահմեդականությանը: Թուրքիայի Սահմանադրության հենց առաջին հոդվածը սահմանում է. «Օսմանյան կայսրության կրոնը իսլամն է»։ Երիտթուրքերը անտարբեր են հավատքի նկատմամբ, համարյա անհավատ, բայց գիտեն իսլամի ուժը ժողովրդի վրա (դրա արժեքը հաճախ ապացուցել է կայսրության ոչ թուրքական տարրերի միաձուլումը), իսկ այս դեպքում նրանք փաստորեն արթնացրին իսլամի բնատուր անհանդուրժողականությունը «ապստամբ» հայերի դեմ:

Կրոնական մոլեռանդությունը ոգեկոչվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսները հեռացան Վանից, փլուզվեց Գալիպոլիի արշավը, և ջիհադի կամ Սրբազան պատերազմի գաղափարը լայն ժողովրդականություն ձեռք բերեց: Այն փաստը, որ հայերի դեմ վայրագությունների պատճառն ամբողջությամբ կրոնական չէր, սակայն, ապացուցում են տալիս մարդկանց չափազանց սահմանափակ կատեգորիաները, որոնց հնարավորություն էր տրվում ընտրել արտաքսման կամ իսլամի միջև:

4. Որպես չորրորդ գործոն պետք է նշել եվրոպական դիվանագիտության հակասական շահերն ու ինտրիգները։ Թուրքիայի քրիստոնյաները անասելի տառապանքներ են կրում, քանի որ Եվրոպան չի կարողանում համաձայնության գալ: Թուրքիան այսօր իր գոյության համար պարտական է այն աջակցությանը, որը 19-րդ դարում ընձեռել է Անգլիան: Եթե չլիներ Ղրիմի պատերազմը, Ռուսաստանը կուլ կտար Թուրքիայի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և աշխարհը երբեք չէր լսի համիդյան ջարդերի մասին։ 1878-ին, երբ ռուսական ուժերը շարժվեցին դեպի Կոստանդնուպոլսի դարպասները, և սուլթանը ուրախությամբ ստորագրեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը (դրա 16-րդ հոդվածը նախատեսում էր անհրաժեշտ բարեփոխումներ Հայաստանում), առաջ եկավ Անգլիան, վետո դրեց պայմանագրի վրա և կազմակերպեց Բեռլինի վեհաժողովը. արդյունքում կնքվեց Բեռլինի պայմանագիրը, որի 61-րդ հոդվածը նախատեսում էր ավելի մեծ օգնություն Հայաստանին:3  Այդ հոդվածը հայոց դժբախտությունների սկզբնակետն էր։ Թուրքիան բարեփոխումներ էր խոստացել, վեց մեծ տերությունները երաշխավորել էին դրանք, բայց արդյունքում հայերն այժմ գտնվում են բնաջնջման վտանգի առաջ։

Ի պատիվ Անգլիայի պետք է ասել, որ այն օգտագործեց իր ազդեցությունը Թուրքիայի վրա, որպեսզի բարելավի քրիստոնյաների ճակատագիրը. բայց փաստորեն հենց նրա աջակցությունը կենդանի պահեց Թուրքիան: Բրիտանական շահերը պահանջում էին Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, և ինչպիսի~ ամբողջականություն: Բոլոր կողմերից մի քանի անգամ մասնատվելուց հետո (Բոսնիան ու Հերցեգովինան անցան Ավստրիային, Կովկասը՝ Ռուսաստանին, Կիպրոսն ու Եգիպտոսը՝ Անգլիային, Թեսալիան՝ Հունաստանին, Արևելյան Ռումելիան՝ Բուլղարիային), Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը» մնաց անձեռնմխելի, քանի որ այդպես էր հրահանգել Եվրոպական կոնգրեսը:

Բայց երբ Անգլիայի շահերը փոխվեցին, երբ նրա ծրագրերին ավելի համապատասխան էր Բոսֆորի ափին տեսնել ռուս Արջին, քան գերմանական Արծվին, տեղի ունեցավ Ռեվալի կոնֆերանսը, և որոշվեց Թուրքիայի կազմաքանդումը: Բայց արդեն ուշ էր։ Մի նոր պաշտպան էր ոտքի կանգնել՝ ավելի գործունյա ու խանդավառ, քան թուրքը երբևէ տեսել էր։ Կայզերն ու Սուլթանը ձեռք սեղմեցին, և այս նոր մերձեցման զորեղ ազդեցությամբ երիտթուրքերը ցնցեցին աշխարհը։ Վեց ամսում նրանց հաջողվեց անել այն, ինչ հին թուրքերը չկարողացան իրականացնել վեց դարում։ Հայերի բնաջնջումը ընթացքի մեջ է: Հազարավոր նեստորացիներ և սիրիացիներ անհետացել են երկրագնդի երեսից: Ավելի քան 300,000 հույներ արտաքսվել են Օսմանյան կայսրությունից, է՛լ ավելի մեծ թիվ ուղարկվել է ներքին տարածքներ: Ողջ մնացած քրիստոնյաների ու հրեաների, այսինքն՝ բոլոր ոչ թուրքական տարրերի Ճակատագիրը կախված է եղբայրասպան պատերազմի տևողությունից և դրա հաջողությունից: Երիտթուրքերը աչալուրջ սպասում են իրականացնելու իրենց ծրագիրը՝ «Թուրքիան թուրքերի համար»:

1․ Ես չեմ փորձի թուրքերի փոխարեն գտնել տեղահանությունը մշակելու և կազմակերպելու շարժառիթը։ Անձամբ ես Գերմանիային եմ համարում իրական սադրիչը: Ասում են, որ Գերմանիան էր իրականում ծրագրել հայերին տեղափոխել ներքին տարածքներ։ Եթե դա ճիշտ է, ապա թուրքերը շատ լավ հասկացան ակնարկը և իրենց զոհերին տեղափոխեցին հավերժություն։ Անշուշտ չափազանց մեծ հաճոյախոսություն կլինի թուրքերի խելքին, որոնք դարեր շարունակ չեն կարողացել ջարդերից ավելի արդյունավետ դաժանություն հորինել, որ նրանք առանց աջակցության մշակել են այս նոր ծրագիրը: (հեղինակ)

2․  Հավելյալ տեղեկությունների համար ընթերցողը կարող է ծանոթանալ Հայ և Սիրիական Օգնության Ամերիկյան Հանձնախմբի տեղեկագրերին, 70 Fifth Avenue, New York City: (հեղինակ)

3․ Բեռլինի պայմանագրի 6-րդ հոդված (1878 թ. հուլիսի13). «Վեհաշուք Պորտան պարտավորվում է հայաբնակ գավառներում անհապաղ իրականացնել բարելավումներ ու բարեփոխումներ ըստ տեղական պահանջների և երաշխավորել նրանց անվտանգությունը չերքեզներից և քրդերից։ Այն պարբերաբար կհայտնի այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին այն տերություններին, որոնք կվերահսկեն բարեփոխումների իրականացումը»: (հեղինակ)

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի