Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից

Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը երեկվանից ձերբակալված է:

Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:

Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից»։

Հիշեցնենք, որ նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել  քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այնուհետև տեղափոխվել էին հիվանդանոց,  Վահագն Մախսուդյանը, Միքայել  Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։

Բերման ենթարկածներին որոշ ժամանակ անց ազատ են արձակել, բացի Սուրեն Պետրոսյանից։ Ինչպես այսօր պարզվեց, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Երևան են տեղափոխել։