Առավոտից մարդկանց հոսքը չի դադարում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նշենք, որ այս տարի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է եղել մինչև ժամը 9.30-ը: Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վաղ առավոտից ուզեցել են հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, անակնկալի են եկել՝ ճանապարհը փակ տեսնելով։

Նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Մինչև ժամը 9.30 մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու:

Նշենք, որ առավոտյան Հայոց ցեղասպանություն հուշահամալիր է այցելել ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք: