Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. մարդիկ գիշերը խարույկի շուրջ են անցկացրել (տեսանյութ)

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում: Ճանապարհը փակած ցուցարարները, որոնց մեջ կանայք և երեխաներ կան, գիշերը լուսացրել են խարույկի շուրջ։

Նրանք այսօր սպասում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ կներկայացնեն սահմանազատման վերաբերյալ իրենց առաջարկները։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մհեր Գրիգորյանը չի եկել Տավուշ: Գյուղապետներն իրենք կմեկնեն Երևան՝ նրա հետ հանդիպելու:

Վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ճանապարհը շարունակելու են փակ պահել՝ կոչ անելով Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, իսկ եթե չեն կարող գնալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որպեսզի շղթան տարածվի։

Հիշեցնենք, որ ճանապարհը երեկ փակել էին, քանի որ Կիրանցի հարակից հատվածներում ՊՆ-ի կողմից սկսվել էին ականազերծման աշխատանքներ։ Թեև ոստիկանները հայտնել էին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ-ի աշխատակիցները պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, այդուհանդերձ, բնակիչներն ամբողջ օրը փակ են պահել ճանապարհը։