ԱՄՆ-ը չի արձանագրել որևէ փաստ, որ Ռուսաստանի զորքերը նպաստեն Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը. պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները չի արձանագրել որևէ մեկ փաստ, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, լրագրողների հետ ճեպազրույցին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս բերման և դրա հեևանքների մասին հարցին:

Պատելը նկատել է, որ Վաշինգտոնը չի հանդիսանում եռակողմ պայմանավորվածության մաս, որով դադարեցվեց կրակը 2020 թվականին, իսկ ռուսական զորքերը տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում: Իր խոսքում նա ընդգծում է.

«Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ փաստ, որը ի ցույց կդնի, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին ընդգծում են այդ տեսակետը: Դա ևս մեկ կարևոր վկայությունն է կամ օրինակ, թե որքան անվստահելի դաշնակից կամ գործընկեր է Ռուսաստանը»,- ընդգծել է պետքարտուղարության փոխխոսնակը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ տևական և արժանապատիվ խաղաղությանը հասնելու համար, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին:

 

Ամերիկայի Ձայն