Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ սա պետության կողմից թույլատրված ռասիզմ է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ բացառեց «այսպես կոչված հայատյացություն». «Միջավայր, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:

Ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը՝  «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց»: 44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և բռնության են ենթարկել էթնիկ հայերին: Նրանք տեսանկարահանում էին՝ հպարտորեն ցուցադրելով բռնության աննկարագրելի գործողություններ  էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ»,- ասաց Կիրակոսյանը:

Նա նշեց, որ բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանն  օգտագործեց էթնիկ զտման ենթարկելու համար՝ ԼՂ առնվազն 30 հազար անձանց վտարումը Ալիևը  հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով, որ այս տարածքներում երբեք հայկական երգեր չեն երգվելու։

«Բոլորս գիտենք, թե այն ժամանակից ի ինչ է տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավ։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը 9 ամիս  սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով  Լաչինի միջանցքը և դատարանի երկու նախանական միջանկյալ որոշումների աղաղակող խախատումներով Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ սպանելով 100-ից ավելի հայերի, ստիպելով 100 հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Մինչև օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը։

Տարիներ շարունակ սպառնալով դա անել՝ Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ համախմբում է  այդ քաղաքականությունը՝ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:Սույն գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում»,- ասաց Ե.Կիրակոսյանը։

1lurer-ի հաղորդմամբ, Կիրակոսյանը նաև ասել է. «Բախվելով Հայաստանի դիմումներին և նրա՝ իր դեմ անհերքելի ապացույցներին՝ Ադրբեջանը հուսահատորեն փորձում է կողմերի միջև հավասարության կեղծ զգացում ստեղծել՝ գործ հարուցելով Հայաստանի դեմ։

Ադրբեջանը Հայաստանի դեմ չունի այնպիսի փաստեր, ինչպիսիք Հայաստանն ունի Ադրբեջանի դեմ: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների ներկայացված երկու փաթեթներն իրար կզրոյացնեն, սակայն նման մարտավարությունը դատապարտված է ձախողման»։