Դիտորդական խմբեր ուղարկե՛ք Արցախ և ձեր աչքերով տեսե՛ք գազանությունները․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային կառույցներին

Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։

«Մեր պահանջը ԿԽՄԿ-ից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ԵԽ-ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։

«Մենք կանք» նախաձեռնության դիմումը ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին․

«Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, որ այդքան հաճախակի շրջանառում են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների առաջնահերթությունը, իրականում հերթական անգամ հրաժարվում են գետնի վրա պաշտպանել արցախցիների իրավունքները:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների,եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը: «Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը Հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ Հայրենիքից զրկելու այդ գործընթացին:

Մեր պահանջը ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ կողմից հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկեք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»:

ԿԽՄԿ առաքելությունը հանդիսանում է ոչ միայն կյանքերի պաշտպանության երաշխավոր, այլ նաև՝ պատերազմներից տուժած մարդկային արժանապատվության պաշտպան: Մեր արժանապատվությունն այսօր անգամ հեռավար է ոտնահարվում Արցախում: Հանցագործությունների գործակից մի դարձեք, գործեք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»։