ԵՄ-ի նպատակը չէ դրդել Հայաստանին խզել գոյություն ունեցող իր կապերը տարածաշրջանի այլ երկրների հետ․ Մարի Դյումուլեն

Եվրամիությունը մտադիր է գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպմանը։

Դյումուլենի խոսքով՝ Եվրամիության նպատակը չէ դրդել Հայաստանին դուրս գալ այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց մաս է կազմում, այլ ԵՄ հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» գործիքները կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու ուղղությամբ, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին։

Դյումուլենի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հրայր Թամրազյան․ – Բրյուսելում այս ուրբաթ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ իմացանք այդ հանդիպման մասին և ինչպե՞ս կարող ենք վերծանել և հասկանալ առաջնորդների հայտարարությունները։ Ինչպես տեղեկացանք Ուրսուլա ֆոն դեր Լայենից, ԵՄ-ն 4 տարվա ընթացքում 270 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի միջին և փոքր բիզնեսի համար, և որ ԵՄ-ն ունի աջակցության նոր փաթեթ՝ Եվրոպական տնտեսական և ներդրումային ծրագիր Հայաստանի համար, որն արդեն հավաքել է, ինչպես նա ասաց, կեսը միլիարդ եվրո գումար ներդրումների համար՝ իբրև աջակցության փաթեթ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանին տնտեսական և քաղաքական աջակցության այս խոստումները։ Որքա՞ն շոշափելի են այդ խոստումները և արդո՞ք այդ պարտավորությունները երկարաժամկետ հեռանկարի համար են։

Մարի Դյումուլեն. – Սա ակնհայտորեն Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացումն է։ Եվ սա կապված է այն ընկալման հետ, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր ներգրավվածությունը այս երկրի հետ և աշխատի Հայաստանի տնտեսության ճկունությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց նաև օգնի Հայաստանին ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, զբաղվածության հնարավորություններ հենց Հայաստանում՝ համոզվելու, որ կա նաև Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակի առաջընթացը։ Այնպես որ, այո՛, կարծում եմ, որ դա կարող ենք գնահատել իբրև ավելին, քան խոստումներ ու որպես երկարաժամկետ պարտավորություն։ Այն, որ հայտարարվել է առաջիկա չորս տարիների համար օգնության էական փաթեթի մասին, նույնպես ազդանշան է, որ Եվրամիությունը մտադիր է լինել այդտեղ և գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին։

Հրայր Թամրազյան․ – Կարո՞ղ ենք ենթադրել, որ Եվրամիությունն ավելի ակտիվորեն կներգրավվի օգնելու Հայաստանին իր պաշտպանունակությունը բարելավելու հարցում։ Կօգտագործի՞ արդյոք Եվրոպական խաղաղության հիմնադրամը: Կա՞արդյոք ըմբռնում և պատրաստակամություն՝ ավելի շատ ջանքեր գործադրելու Հայաստանի համար ԵՄ շուկաները բացելու հարցում։ Պետք է հասկանալ, որ առանց եվրոպական աջակցության Հայաստանը չի կարող կտրվել Եվրասիական տնտեսական միությունից, Հայաստանը չի կարող դուրս գալ Եվրասիական մաքսային միությունից և նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել Հայստանի համար։

Մարի Դյումուլեն. – Չեմ կարծում, որ Եվրամիության նպատակն է դրդել Հայաստանին խզել իր գոյություն ունեցող կապերը տարածաշրջանի այլ երկրների հետ և դուրս մղել այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց նա մաս է կազմում։ Հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը: Այսպիսով, դրա տնտեսական բաղադրիչ կա, որը մենք արդեն հիշատակեցինք: Առևտրային հարթություն կա, որը կապված է
Եվրամիության հետ Հայաստանի կնքած երկկողմ պայմանագրերի հետ, և կան քննարկումներ գործող համագործակցության համաձայնագրերի ընդլայնման հնարավորության շուրջ։ Եվ հետո կա անվտանգության և պաշտպանության հարթությունը, որը Դուք նշեցիք։ Շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» օգտագործման հնարավորության
մասին, որը Եվրամիության գործիքն է երրորդ երկրներում պաշտպանությանն ու անվտանգությանն աջակցության համար: Եվ այսպես, քննարկումներ կան այս գործիքը կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու համար, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին, ինչը միևնույն ժամանակ կօգնի ամրապնդել բանակի կարողությունները՝ առանց ավելի լայն ազդեցություն ունենալու Հայաստանի դաշինքների վրա։