Թուրքիայում ազգայնականները և Էրդողանի կուսակիցները կրակել են միմյանց վրա

Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում:

Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Չորում նահանգի Ուղուրդաղի շրջանային ղեկավարության շենքի առջև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ու «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են նաև կրակոցներով: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

Ուղուրդաղի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքերով՝ ԱԶԿ-ի թեկնածուն 13 ձայնի առավելությամբ հաղթել է ԱՇԿ-ի թեկնածուին, մինչդեռ 92 ձայն էլ համարվել է անվավեր:

Արդյունքները բողոքարկելու նպատակով ԱՇԿ-ի տարածքային գրասենյակը դիմել էր Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով (YSK), բայց մերժում է ստացել։

Սա էլ հանդիսացել էր կրքերի թեժացման և հանգեցրել երկու կուսակցության անդամների միջև բախման:

Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հաջողվել վերջ տալ անկարգություններին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն, հայտնաբերվել են դատարկ պարկուճներ:

Նշենք, որ 2023-ի մայիսյան համապետական ընտրություններում ԱԶԿի և ԱՇԿի կողմից ստեղծվել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, որն էլ հավաքել էր ձայների մեծամասնությունը