Չկա վերջնաժամկետ, թե երբ պետք է հանձնվեն Տավուշից 4 գյուղերը. Վահան Կոստանյան
Եթե լինեն պայմանավորվածություններ, որոնք կարձանագրվեն երկու կողմերի միջև, ապա դրանց մասին երկու կողմերը կհրապարակեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կա՞ պայմանավորվածություն, որ Տավուշի մարզից պետք է սկսվեն սահմանազատման աշխատանքները։
«Աշխատակարգով սահմանված կետ կա առ այն, որ քանի դեռ չկան պայմանավորվածություններ դրանց մասին հրապարակումներ և մեկնաբանություններ չեն լինում»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում հայկական կողմն ինչպե՞ս է հայտարարում, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել գործընթացը Տավուշից՝ Կոստանյանն ասաց, որ մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք։ «Քննարկումները ընթացքի մեջ են, քննարկումների մասին կլինեն համապատասխան հայտարարություններ և հանրությունը կտեղեկացվի, երբ լինեն վերջնական պայմանավորվածությունները»։
Հարցին՝ կա՞ վերջնաժամկետ, թե երբ կհանձնվեն տարածքները՝ նա նշեց, որ ժամկետներ չկան։
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացքում քարտեզների հստակեցմանը՝ նա նշեց, որ այս պահին որոշակիություն չկա։