Հրեաները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ», քաշքշոց է տեղի ունեցել
Հրեաներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
«Հայոց Երուսաղեմը հայկական է մնալու»,- նշված է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնության էջում։
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել այնմասին, որ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների և տարածք ներխուժած հրեաների ու ոստիկանների միջև։
«Կովերի պարտեզը» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր էր կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը՝ առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021 թ․ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
2023-ի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ էր ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թ․ հուլիսի 8-ին տորագրած համաձայնագիրը։ Դրանից հետո իրավիճակը «Կովերի պարտեզում պարբերաբար սրվում է։