2023 թ․ ապաստան է խնդրել 817 օտարերկրացի

Քանի՞ անձ է դիմել 2022-2023-2024 թթ․ ապաստան ստանալու և հիմնականում որ երկրներից: Հնդկաստանից ժամանած անձինք ապաստանի համար դիմո՞ւմ են, թե ոչ:

Այս հարցն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ուղղեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին:

«13 տարվա վիճակագրություն ունեմ այս պահին, 2020 թ․ ապաստանի հայցերի թիվը 206, 2021 թ․՝ 260, 2022 թ․ մենք ունենք կտրուկ աճ՝ 968, որը հիմնականում պայմավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով, 2023 թ․ փոքր-ինչ նվազել է 2022-ի համեմատ և դարձել է 817:

Մեզ մոտ ավանդաբար առաջին հորիզոնականներում միշտ եղել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն: 2022-2023 թթ․ տենդենցը փոխվել է ուկրաինական պատերազմով պայմանավորված, առաջին տեղում Ուկրաինան է, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Սիրիան և Իրաքը: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք: Իմ պրակտիկայի ընթացքում 1-2 դեպք է եղել»,- նշեց Արմեն Ղազարյանը: