Թուրքական ընտրությունների արդյունքները մեզ համար կարևոր են անվտանգային ու արտաքին քաղաքական տեսակետից

Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ընդհանուր ձայների քանակով զիջել է ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Իրականում, սակայն, հեռացող Էրդողանի քաղաքական ուժի էլեկտորալ արդյունքները շատ ավելի վատն են ու միանշանակ պարտություն են նշանակում: 973 շրջաններից ամենաշատում՝ 356-ում, հաղթանակ տոնելով, 81 նահանգներից միայն 24-ում են քաղաքապետեր ու ՏԻՄ ղեկավարներ ընտրվել Էրդողանի թիմակիցները: 35-ում նահանգներում իշխանության գլուխ են կանգնել Հանրապետական-ժողովրդական, 10-ում Ժողովրդական հավասարության և դեմոկրատիայի, 8-ում Ազգայնական շարժում կուսակցությունների ներկայացուցիչները: 12 ամենախոշոր քաղաքներից 8-ում, այդ թվում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, հաղթել են հանրապետականները, ընդամենը 3-ում՝ բնակչության թվով մեծությամբ 6-րդ Ղազիանթեփ, 7-րդ Կոնյա և 9-դ Կայսերի քաղաքներում՝ էրդողանականները, մեծությամբ 12-րդ Դիյարբեքիրում քրդական Ժողովրդական հավասարության և դեմոկրատիա կուսակցության թեկնածուները:

Թուրքական ընտրությունների արդյունքները մեզ համար, որքան էլ տարօրինակ հնչում առաջին հայացքից, կարևոր են անվտանգային ու արտաքին քաղաքական տեսակետից: Կարծում եմ, կարիք կա, որ փորձագիտական հանրույթը և պետական համապատասխան մարմինները մանրակրկիտ վերլուծեն տեղի ունեցածը:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից