Բազմամարդության պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում (տեսանյութ)

Քրիստոսի Հարության ավետիսը հնչել է Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք են արել՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  հանդիսապետությամբ:

Տավուշի թեմի հաղորդմամբ, բազմամարդության պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

«Մեր հայրենիքն այսօր մեր ոտքերի տակ է տնքում, մեր սրտերում է  տնքում։ Իր ամբողջությամբ մեզ կանչում է, և այդ կանչն է, որ այսօր այստեղ է բերել բոլորիդ։ Ընտրություն եք կատարել լինել հենց այստեղ, սահմանագլխին, 30 տարի շարունակ  հայրենիքի դարպասը բռնած այս սահմանագլխին։  Ընդամենը մի քանի մետր է մեր հողում գտնվող թշնամին մեզնից հեռու։ Սա պետք է պատգամ ու ուղերձ լինի հենց այստեղից՝  սա ոչ ոսկեպարցու, ոչ բաղանիսցու, ոչ կիրանցեցու խնդիրն է, բոլորը միասին մեր բոլորի խնդիրն է, հայոց ճակատագրի վճռական ժամերի խնդիրն է»,- իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։