Արցախցիների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով կներկայացվի ապրիլին. փոխվարչապետ

Կարծում եմ՝ ապրիլին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով կարող ենք ներկայացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են: Խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը թե երկրորդային շուկայում առաջարկի տեսանկյունից, թե կառուցման մեջ գտնվող շինարարության տեսանկյունից բավական էական փոփոխություն է:

Հաշվի առնելով, որ առաջին փուլում ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն, ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել, մենք աջակցության ծրագրերը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն»,-ասաց նա: