ԵՄ-ը և ԱՄՆ-ը կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» գործողության համար․ հոխորտացել է Ադրբեջանի ԱԳՆ-ը

ԵՄ-ը և ԱՄՆ-ը կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» գործողության համար. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կայանալիք հանդիպումը, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա»:
«Այս համաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը»: Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում «նոր բաժանարար գծեր ու ազդեցության շրջանակներ է ստեղծում»։ Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունների» ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան «Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում»: Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են Հայաստանի ցանկացած «ապակայունացնող գործողությունների»  պատասխանատվությունը։

Այն ժամանակ, երբ եզակի հնարավորություն է ստեղծվում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել», – ասվում է հայտարարության մեջ: