Նիկոլիզմի հեռացումը մեկ ուժի բան չէ․ պետք է գնալ համազգային համախմբման՝ հանուն պետականության պահպանման

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ, համազգային համախմբում է պետք։

Հաճախ եմ լսում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։

Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։

Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես, չէ՞։

Ասում են՝ այո,բայց էս թերության,էն սխալի դեմ լինելով։

Ասում եմ՝ հասկացա, ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել», հավատացել ես Նիկոլին, բայց խաբվել ես։

ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։

Այո, եղել են կոպիտ սխալներ եւս։

Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։

ՀՀԿ-ի օրոք՝ 2016-ի  Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը  ձախողվել է։

ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։

Ձեռքբերումները քիչ չեն…

Հիշենք, որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝ զգուշացնելով մոտեցող արհավիրհքի մասին…

Ավաղ, դա «ձայն բարբառոյ անապատի էր»…

2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել ,ճամփա է փակել, բռնվել է։

2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝ պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։

Նույնը՝ 2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։

Չի ստացվել,դրական արդյունքի չենք հասել։

Չի ստացվել, քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։

Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։

Իհարկե, առկա է եղել նաեւ մեր՝ ընդդիմադիրներիս սխալը։

Ակնհայտ է, որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։

Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։

Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։

Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։

Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան,սրբեր՝ առավել եւս։

Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական  ու խմբային շահերը»,- գրել է նա։