«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայից. «Իզվեստիա»

Երկու ահաբեկիչներ, որոնք մասնակցել են «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությանը, հավանաբար, հրահանգներ են ստացել, երբ մեկնել էին Թուրքիա, «Իզվեստիային» ասել է տեղեկացված աղբյուրը։ Ահաբեկչության մնացած մասնակիցներին գտել և հավաքագրել են արդեն Ռուսաստանի տարածքում, ավելացրել է նա։

Ահաբեկչությանը մասնակցելու համար ընտրվել են մարդիկ, որոնք ավելի վաղ արմատական իսլամի հանդեպ հակում ունենալու մեջ նշմարված չեն եղել, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լիներ կանխել գրոհը նախապատրաստման փուլում, ասել է «Իզվեստիայի» ևս մեկ զրուցակից, որը հակաահաբեկչական անվտանգության ոլորտի մասնագետ է։

«Նախնական տվյալները, որոնք ունի քննությունը, ցույց են տալիս, որ «Կրոկուսի» ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ և մինչ այդ սոցցանցերում որևէ վկայություն չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի մասին։ Հավանաբար, մենք գործ ունենք կատարողների պատահական ընտրության հետ, որոնք փողի կարիք են ունեցել»,- «Իզվեստիայի» հետ զրույցում ընդգծել է հակաահաբեկչական անվտանգության ոլորտի մասնագետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Ռուսաստան է եկել Թուրքիայից մարտի 4-ին։ Այս մասին նա տեղեկացրել է հարցաքննության ժամանակ։