Ինչպե՞ս ոստիկանին կտրել ասֆալտից․ սա է խնդիրը

Ազգաքանդումի ու հողատվության արշալույսին փթիրները մի կարգախոս շրջանառեցին՝ «Ոստիկանը մերն ա»: Այն ժամանակ ոչ ոք չէր կարող ըմբռնել այդ դիվային կարգախոսի իրական իմաստը: Հետո պիտի պարզվեր, որ դա նշանակում է՝ ով տիրում է ոստիկանին՝ նա տիրում է երկրին: Այսինքն, ոստիկանին տիրողը կարող է վարվել երկրի հետ ինչպես ուզում է, ընդհուպ՝ վաճառել այն: Ու ոստիկանը դարձավ սրանցը:

Ի՞նչն է ոստիկանի ուժը, անպարտելիության գաղտնիքը: Վստահաբար՝ ասֆալտն է: Հին հունական դիցաբանության մեջ մի կերպար կար՝ Անթեյը կամ Անթեոսը: Սա անպարտելի էր, բոլորին չոքացնում ու ցխում էր, որովհետև հողից էր ուժ ստանում: Ի վերջո Հերկուլեսը բացահայտեց այդ գաղտնիքը, Անթեոսին կտրեց հողից, բարձրացրեց վեր ու խեղդեց:

Ինչպե՞ս հաղթել ոստիկանին, որը միշտ ասֆալտի վրա է և շարունակ զորություն է ստանում ասֆալտից: Բնականաբար, պետք է կտրել ասֆալտից: Եթե որևէ մեկին հաջողվի ոստիկանին կտրել ասֆալտից ու, ասենք, օձիքի զպրտիչից կախել կախիչից՝ նա անօգնական կխլվլա ու կապուշանա: Բայց դա գործնականում անհնար է: Նախ, դրանք 10-15 հոգով են հարձակվում մեկի վրա, եթե նույնիսկ այդ մեկը հաշմանդամ է կամ տկար կին: Ոչ ոք չի կարող 10-15 ոստիկանի կտրել ասֆալտից ու կախել կախիչից: Նույնիսկ Քոչարյան Լևոնի նման պարապած տղեն չկարողացավ: Եվ հետո, սրանց կախիչները անորակ են, ամեն փթիր կարող է մի վայրկյանում պոկել դրանք: Այսինքն, դրանց վրա չես կարող ոստիկան կախել:

Ուրեմն, ինչպե՞ս ոստիկանին կտրել ասֆալտից: Սա է խնդիրը:

Կարո Վարդանյանի ֆեյսբուքյան էջից