Իրանը քննադատել է ԱՄՆ-ի վարած երկակի քաղաքականությունը

Անդրադառնալով ամերիկացի քաղաքական գործիչների վարած երկակի քաղաքականությանն ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Իրանցիները լավ են ճանաչում են իրենց բարեկամներին ու թշնամիներին և հասկանում են կեղծ ու ծիծաղելի շոուների հետևում թաքնված չար մտադրությունները»։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Իրանական 1403թ առաջին օրը՝ մարտի 20-ին, ԱՄՆ-ն հրթիռային, միջուկային և պաշտպանական ծրագրերի պատրվակով նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, իսկ մյուս կողմից Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հղեց իրանցիներին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին քննադատել է Իրանի ժողովրդի նկատմամբ Սպիտակ տան վարած երկակի քաղաքականությունը և սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել․ «Ավելի քան չորս տասնամյակ ամերիկացի պաշտոնյաները մեծացնում են  առավելագույն և համակողմանի ճնշումը Իրանի ազնվական ժողովրդի նկատմամբ, իսկ մյուս կողմից  Նոռուզի նախօրեին Հաֆթ սինի սեղաններ են փռում ու շնորհավորական ուղերձներ հղում։ Նրանց համար ամեն նոր տարին նոր պատժամիջոցներ սահմանելու առիթ է»։

Քանանին հավելել է․«ԻԻՀ առաջնորդն այս տարվա համար սահմանել է «Արտադրության զարգացում՝ ժողովրդի համագործակցությամբ» կարգախոսը։ Այն կառավարության և ժողովրդի ճանապարհային քարտեզն է տնտեսության ոլորտում, որպեսզի այդ կարգախոսի իրագործմամբ կոտրվի ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների բութ շեղբը և Իրանի մեծ ժողովրդի համար բացվեն ավելի լուսավոր հորիզոններ»։

Ջո Բայդենի դեմոկրատական կառավարությունը, որը պնդում էր  թե  Իրանի նկատմամբ դիվանագիտական մոտեցում է որդեգրելու և ջանքեր է գործադրելու ՀԳՀԾ-ին վերադառնալու ուղղությամբ, ոչ միայն չկարողացավ դա անել, այլ շարժվեց Դոնալդ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությանը համահունչ, բալիստիկ հրթիռների, անօդաչու սարքերի, միջուկային, մարդու իրավունքների և պաշտպանական ծրագրի պատրվակներով ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ։