Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները․ Դիտորդ մարմին

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիքը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման և  դրա առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2024թ․ փետրվարի 13-ին տարածած հայտարարության վերաբերյալ։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով բողոքի հետ առնչվող նյութերը և ստանալով կողմերի պարզաբանումները, արձանագրում է, որ

– Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը։ Հետևաբար, «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում։

– Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները նույնպես չեն արգելում գործադիր տնօրենին հանդես գալ հոդվածով։

– Գարեգին Խումարյանը ՀՀՌ եթերում հեռարձակված հաղորդման որակի վերաբերյալ իր կարծիքը հրապարակել է Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներին նվիրված՝ տնօրենի սյունակում կամ համապատասխան որևէ այլ բաժնում։ Այս փաստը կարող է հանրության կողմից ընկալվել որպես խնդրո առարկա հարցազրույցում քննարկված խնդիրների վերաբերյալ ռադիոկայանի, ի դեմս իր տնօրենի, քաղաքական կողմնորոշման դրսևորում: Նման ընկալումից խուսափելու համար շահեկան կլիներ, որ Հանրային ռադիոյի բովանդակությանն առնչվող հոդվածները հրապարակվեին հատուկ սյունակի միջոցով։

Կարևոր է Հանրային հեռարձակողի արտադրանքի շուրջ երկխոսությունը լսարանի հետ կիսվելու համար (ինչպես ընդունված է առաջադեմ միջազգային պրակտիկայում) համապատասխան խորագրեր կամ ձևաչափեր նախատեսել, որոնք կտարանջատվեին այլ թեմաներին վերաբերող հրապարակումներից։

– Ինչ վերաբերում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ընկերության տնօրենի համար նախատեսված ֆիդուցիար պարտականություններին, ապա, Դիտորդ մարմնի գնահատմամբ, դրանք չեն կարող ուղղակիորեն կիրառվել՝ առանց հանրային հեռարձակողի առանձնահատկություններն արտացոլող լրացուցիչ կարգավորումների։ Այս առումով կարևոր է նշել, որ այդպիսի (այդ թվում՝ ներքին) կարգավորումները կնպաստեին խորհուրդ-գործադիր տնօրենլրագրող հարաբերությունների, ինչպես նաև կարևորագույն թեմաների լուսաբանման, հատուկ նշանակություն ունեցող հաղորդումների, այդ թվում՝ պետության ղեկավարի հետ հարցազրույցների պատրաստման կանոնների հստակեցմանը։

Այդպիսի կանոնները ձևավորում են նաև ավանդույթներ, որոնք, անկախ կադրերից, որոշակի չափով ապահովագրում են վեճերից կամ հուշում դրանց արդյունավետ հաղթահարման ճանապարհները։

– Հանրային հեռարձակողի խորհրդի փետրվարի 6-ի հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները («առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ») համարժեք չեն իրավիճակին և չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման և բանավեճի մշակույթի զարգացմանը։ Դիտորդ մարմինը կրկին շեշտում է նման կարգի խնդիրները ներքին կանոնակարգերի միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով կոնկրետ այս դեպքում Գ․ Խումարյանի հոդվածի առաջացրած հանրային հետաքրքրությունը՝ ՀՀԽ-ն կարող էր հայտարարություն տարածել՝ կիրառելով ավելի զուսպ և
գործնական ձևակերպումներ՝ առանց մեղադրական նոտաների։

– Թեև Գարեգին Խումարյանը պնդում է, որ վարչապետի հետ հարցազրույցի որակին առնչվող իր գնահատականը հաղորդավար Բարեղամ Ղուկասյանին պարսավելու նպատակ չի ունեցել, և իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այդուհանդերձ, իր հոդվածում տեղ գտած որոշ արտահայտություններ («տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի» և այլն) մեծ հավանականությամբ ազդում են լրագրողի համբավի վրա։ Նույնիսկ նրա աշխատանքի մասին Հանրային ռադիոյի տնօրենի քննադատական գնահատականի պարագայում, ցանկալի կլիներ, որ դրանք մնային ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային ռադիոյի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր և հետագայում առաջնորդվել դրանով։

– Առաջադեմ միջազգային պրակտիկայում կիրառվում են նաև սոցիալական ցանցերում աշխատակիցների վարքագծի նորմեր։ Հայաստանի հանրային հեռարձակողը նույնպես մշակել է համապատասխան կանոններ, սակայն դրանց ոչ հետևողական կիրառումը կարող է ռիսկեր ստեղծել լրատվամիջոցի հեղինակության համար։

– ԴՄ-ն հույս է հայտնում, որ միջադեպը և սույն փորձագիտական կարծիքը առիթ կդառնան Հանրային հեռարձակողի ներքին կարգավորումների մշակման և կիրառման համար։