Փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել Հայաստանում` տարածելով արցախյանը. Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիա

Այսօր տիկինիկային արվեստի միջազգային օրն է:  Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան օրվա առիթով գրում է.

«Ուզում ենք հետադարձ հայացք ուղղել դեպի մեր անցած ուղին:

44-օրյա պատերազմից հետո, երբ ամեն ինչ շատ բարդ էր, մենք ստեղծեցինք Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան: Վերջինիս նպատակն էր հեքիաթի միջոցով մեր փոքրիկներին հանել հետպատերազմյան  սթրեսից:

Ներկայացումներից զատ մենք ստեղծեցինք տիկնիկագործության խմբակ, որի ընթացքում երեխաները իրենց ձեռքով պատրաստում էին տիկնիկներ, ապա ուսումնասիրելով բեմական խոսքի կանոնները, իրենց տիկնիկներով բեմադրում էին ներկայացումներ: Մեր ստուդիայում իրականացնում էինք նաև հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, կավաթերապիա , ասեղնագործության, ազգային երգի ու պարի խմբակներ։

Մեր հատուկ մանկավարժների շնորհիվ աշխատում էինք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:

Ուզում ենք նշել, որ այս ամենը իրականցնում Էինք անվճար հիմունքներով:

Մեր ներկայացումները զուտ ժամանցային չեն, քանի որ դրանք բեմադրվում են արցախյան ենթաբարբառներով: Երեխաները սովորելուց զատ տարածում ու պահպանում են մայրենի բարբառը: Մեր նպատակն է ամուր կապված լինել ազգային ավանդույթներին և արմատներին:
Մեր զենքը այս նպատակն է, որով մենք կռվում էինք Արցախում:

Հիմա, երբ Հայաստանում ենք, փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել այստեղ` տարածելով արցախյանը:

Վերջինիս վառ ապացույցը մեր հյուրախաղերն էին, ստուդիայի ստեղծման պահից մինչև արցախյան վերջին պատերազմը մենք ակտիվ հյուրախաղերով հանդես էինք գալիս Արցախի սահմանամերձ գյուղերում և հեքիաթ պարգևում մեր փոքրիկներին, պատերազմից հետո ևս Սյունիքում և ՀՀ մնացած մարզերում հանդես եկանք ներկայացումներով, որտեղ ևս հազարավոր երեխաների կարողացանք պարգևել հեքիաթ և արցախյան ժպիտներ:

Շնորհավորում ենք ոլորտի նվիրյալներին և ցանկանում բեղուն ստեղծագործական ուղի»։